Դեռեւս ացկետների ժամանակ կառուցված ամբարտակի մաս կազմող թունելում հայտնաբերվել են նախաիսպանական ժամանակաշրջանի թվով 11 նկարներ եւ հարթաքանդակներ: Ենթադրաբար, դրանք այդտեղ թողել են շինարարության մեջ ներգրավված բնակիչները, գրում է Planet Today-ը:
Հայտնի է, որ ացկետների հնագույն քաղաք Թենոչտիտլանը, որտեղ այժմ գտնվում է ժամանակակից Մեխիկո քաղաքը, ժամանակին պարբերաբար ենթարկվել է ջրհեղեղների: Այդ իսկ պատճառով 1446 թվականին Մոնտեսումա I-ը կարգադրել էր կառուցել ամբարտակ: Երբ երկիր ներխուժել էին իսպանացիները, ամբարտակն ավիրվել էր, ինչը հանգեցրել էր նոր ջրհեղեղներին: Տեսկոկո լճում ջրի մակարդակը կարգավորելու համար իսպանացիներն արդեն XVII դարում կառուցել էին նոր ամբարտակ՝ օգտագործելով հնի մասնիկները:
Եւ ահա մեր օրերում դրենաժային համակարգի ուսումնասիրության ժամանակ մասնագետները հայտնաբերել էին բազմադարյա հնության նկարները: Դրանցից գիտնականներն առանձնացրել են ացկետների Թլալոքի անձրեւի աստծու տաճարի հարթաքանդակները, ինչպես նաեւ գիշատիչ թռչունի գլխի, վահանի պատկերները եւ ացկետներին բնորոշ զարդարանքը:
Բացի այդ, թունելներում հայտնաբերվել էին մետաղյա մեխեր, փայտյա գերաններ եւ օրգանիկ նյութ: Գիտնականները ենթադրում են, որ դրանք ժամանակին դարպասի մաս էին կազմում, որոնք տանում էին դեպի ամբարտակը:
Իսկ ինչ վերաբերում է նկարազարդ քարերին, ապա մասնագետները պատրաստվում են դուրս հանել դրանք, պատել պաշտպանիչ շերտով եւ տեղադրել թանգարանում: Իսկ հենց ամբարտակի վրա, որը կբացեն զբոսաշրջիկների համար, կտեղադրեն դրանց մասին պատմող մեկնաբանությունները:





























