Հայաստանի եւ Կորեայի միջեւ 2019-ի առաջին կիսամյակում առեւտրաշրջանառությունը կազմել է 27 մլն դոլար, այն դեպքում, երբ անցած ողջ տարվա ընթացքում 30 մլն դոլարի չափով ցուցանիշ է գրանցվել: Այս մասին հոկտեմբերի 28-ին հայ-կորեական բիզնես ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Վլադիմիր Ամիրյանը:
Նրա խոսքով՝ համագործակցությունը վերաբերում է բարձր տեխնոլոգիաների, մեքենաշինության, ավտոմոբիլային ոլորտներին: «Հիմնականում նկատվում է արտահանում Կորեայից Հայաստան, այն դեպքում, երբ կարեւոր է մեծացնել նաեւ արտահանումը Հայաստանից Կորեա, ինչը սահմանափակվում է միայն 100 000 դոլարի չափով գինու եւ ոսկերչական արտադրանքի արտահանմամբ»,- նշեց նա:
Ամիրյանը վստահեցրեց, որ Հայաստանում բարեփոխումները՝ այդ թվում դատական համակարգի շուրջ, չեն ազդի կորեական ներդրողների տրամադրվածության վրա:
Պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանն, իր հերթին, հույս հայտնեց, որ ֆորումը, որը կազմակերպվում է արդեն չորրորդ անգամ, հիմք կդառնա առեւտրատնտեսական հարաբերությունների առաջխաղացման համար:



























