Արտաքին աղբյուրներից միջոցների ներգրավման պատկերն այսպիսին է՝ վարկային միջոցները կազմում են մոտ 204 մլրդ դրամ, իսկ դրամաշնորհները՝ մոտ 34 մլրդ դրամ:  Հոկտեմբերի 28-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ընդ որում՝ 2020 թվականին կանխատեսվող եկամուտները կկազմեն 1 տրլն 698 մլրդ դրամ, ներառյալ 1 տրլն 602 մլրդ դրամ հարկային մուտքերը: «Ակնկալվում է, որ պակասուրդը կկազմի 183 մլրդ դրամ: Սա նշանակում է, որ 2020 թվականին մենք կկարողանանք ծախսել 1 տրլն 880 մլրդ դրամ»,- պարզաբանեց Ջանջուղազյանը:

Ինչ վերաբերում է Կառավարության պետական պարտքին, ապա, նախարարի խոսքով, անցնող տարում այն կկազմի ՀՆԱ 50 տոկոսը: