ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության, Ասիական զարգացման բանկի համատեղ նախաձեռնությամբ  հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը Երեւանում մեկնարկել է «Փաստացի սեփականատեր եւ հարցման հիման վրա տեղեկատվության փոխանակում» խորագրով միջազգային աշխատաժողով:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդգծել է, որ Պետական եկամուտների կոմիտեն նպատակադրված է ուրույն դեր ունենալ ՏՀԶԿ՝ հարկման նպատակով թափանցիկության եւ տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումի ընտանիքում եւ հասնել  լավագույն համագործակցության: «Վերջին տարիներին զանգվածային լրատվության միջոցներով ի հայտ եկած տեղեկությունները մեկ անգամ եւս փաստեցին, որ հարկման նպատակով  թափանցիկության ապահովումը պետությունների առանցքային խնդիրներից է: Ավելին, այդ տեղեկությունները ցույց տվեցին, որ հարկեր չվճարելն առանձին ֆինանսական հանցագործության տեսակ չէ, այլ սերտորեն կապված է, օրինակ, փողերի լվացման եւ կոռուպցիայի հետ, որոնք խիստ բացասական ազդեցություն ունեն հասարակության վրա:

Շատ կազմակերպություններ թաքցնում են իրենց փաստացի սեփականատերերի մասին տեղեկությունները, հետեւաբար տեղեկությունների թափանցիկությունը կարող է կենսական նշանակություն ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի, հարկերից խուսափելու դեպքերի եւ նմանատիպ այլ երեւույթների բացահայտման համար»,-նշել է կոմիտեի նախագահը: Դավիթ Անանյանը վերահաստատել է, որ Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամ է հարկերի չվճարման եւ փողերի լվացման դեմ պայքարի միջազգային ստանդարտների ներդրման հարցում: 

Հնգօրյա աշխատաժողովի օրակարգում իրական սեփականատերերի մասին քննարկումներն են: Մասնավորապես՝ դիտարկումներ կներկայացվեն «իրական սեփականատեր» եզրույթի մեկնաբանության, հարկային մարմինների կողմից իրական սեփականատերերին հայտնաբերելու հնարավոր լծակների եւ տեղեկությունների փոխանակման արդյունավետ համակարգի վերաբերյալ: Աշխատաժողովի մասնակիցները փաստել են, որ իրական սեփականատերերի մասին տեղեկությունների հասանելիության ապահովումն հարկման նպատակով թափանցիկության միջազգային չափորոշիչի կարեւորագույն մասն է եւ առանցքային նշանակություն տեղեկությունների փոխանակման ժամանակ: Այս ուղղությամբ միջազգային չափորոշիչների կիրառումը կխոչընդոտի կազմակերպությունների հարկեր չվճարելուն եւ հանցավոր գործունեությանը: Աշխատաժողովում կարեւորվել է փաստացի սեփականատերերի վերաբերյալ երկրների միջեւ տեղեկությունների փոխանակման անհրաժեշտությունը: Գլոբալ Ֆորումի անդամ երկրների միջեւ գործակցությունը թափանցիկ հարկման միջավայր կապահովի փոխհամագործակցության եւ ներդրումների համար:

Նշենք, որ Հայաստանը Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության՝ հարկման նպատակով թափանցիկության եւ տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումի անդամ է 2015 թվականից: