Համաշխարհային տնտեսությունը առաջիկա 10 տարիներին կբախվի տեխնոլոգիական առաջընթացի հետեւանքների հետ, որը կարող է հանգեցնել հակամարտությունների, նույնիսկ՝ հեղափոխությունների։ Այսպիսի կարծիք է հայտնել միլիարդատեր, աշխարհի խոշորագույն Bridgewater Associates հեջ-հիմնադրամի հիմնադիր ու համանախագահ Ռեյ Դալիոն՝ ելույթ ունենալով Էր Ռիադում Future Investment Initiative համաժողովում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Դալիոն նշել է հինգ հիմնական գործոն, որոնք, նրա կարծիքով, առաջիկա 10 տարիներին հիմնավոր ազդեցություն կունենան աշխարհի վրա։

«Տեխնոլոգիաների զարգացումը, այնպիսին, ինչպիսին արհեստական բանականությունն է, կմեծացնի համաշխարհային տնտեսության արտադրողականությունը, սակայն, որպես հետեւանք, նաեւ կմեծացնի մարդկանց բարեկեցության տարբերությունը, կհանգեցնի աշխատատեղերի անբավարարության։ Երկրորդ հետեւանքը երկրների ներսում տնտեսական եւ գաղափարական հակամարտությունների աճն է։ Քանի որ ուժեղանում է հասարակության շերտավորումը եւ գաղափարական մոտեցումների տարբերությունը արդեն այժմ բերում է կապիտալիզմի եւ սոցիալիզմի միջեւ հակամարտության։ Կարծում եմ, որ ներքին բախումները կփոխեն աշխարհի կարգն արդեն առաջիկա տարիներին»,- տրամաբանում է Դալիոն։

 «Այս բախումներն էլ հենց հեղափոխությունների ձեւ են, որոնք արդեն այժմ են տեղի ունենում։ Դա հսկայական արդյունք կարող է ունենալ տնտեսության եւ սոցիումի իրավիճակի վրա»,- ամփոփել է բիզնեսմենը։

Մոտ ապագայի վրա ազդող մյուս գործոնները Դալիոն անվանել է դրամավարկային քաղաքականության անարդյունավետությունը եւ կլիմայի փոփոխության վտանգները։ «Այս բոլորը միասին առաջիկա 10 տարիների ծայրահեղ վախեցնող պատկեր են ստեղծում»,- հավելել է նա։

Դալիոյի կանխատեսումների հետ համաձայնել են Blackstone հիմնադրամի համահիմնադիր եւ ղեկավար Սթիվեն Շվարցմանը, ինչպես նաեւ Goldman Sachs բանկի նախագահ Ջոն Վոլդրոնը։

«Տոկոսադրույքների նվազեցման արդյունավետությունը ավարտվել է, եւ հասկանալի չէ ինչպես կառավարել ֆինանսական ինստիտուտը այսպիսի աշխարհում»,- ասել է Շվարցմանը։

«Մարդկանց համար ավելի ու ավելի բարդ է հասնել այն ամենի հետեւից, ինչը շրջապատում արագ փոփոխվում է։ Եւ ես կարծում եմ, որ առաջիկա 5 տարիներին շուկայում ռադիկալ փոփոխություններ կլինեն»,- ասել է ներդրումային HSBC բանկի ղեկավար Նոել Քուինը՝ ունկնդիրներին կոչ անելով չհավտալ, թե «որեւէ մեկը միայնակ կարող է փոխել այս իրավիճակը»։

Future Investment Initiative-ը, որը հայտնի է «Դավոս անապատում» անվանմամբ, ստեղծվել է 2017թ․՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ Բեն Սալմանի նախաձեռնությամբ՝ որպես թագավորության հավակնոտ տնտեսական Vision 2030  բարեփոխումների (ծրագիրը կոչված է նվազեցնել թագավորության կախումը նավթի արտահանումից եւ երկիրը դասել աշխարհի առաջատար տնտեսությունների շարքին) շնորհանդեսների եւ քննարկումների հարթակ։