Երեւանում ապրիլի 7-13-ին կկայանա «Մարդը եւ տիեզերքը» հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսը: Այն կազմակերպում են Հայաստանի Ֆիլատելիստների Միությունը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (ՊՈԼԻՏԵԽՆԻԿ) եւ «Հայփոստ» ընկերությունը:

«Հայկական ֆիլատելիան ունի հարուստ եւ բարի ավանդույթներ` միջազգային եւ հանրապետական ցուցահանդեսների կազմակերպման առումով: Վստահ եմ, որ այս ցուցահանդեսը մի նոր էջ կբացի Հայաստանում ֆիլատելիայի զարգացման համար»,- ասել է Հայաստանի Ֆիլատելիստների Միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

«Արդեն որերորդ անգամ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը ՀՖՄ ի հետ համատեղ իրականացնում է հանրապետական եւ միջազգային նշանակության ցուցահանդեսներ, որոնց հիմնական նպատակն է երիտասարդության շրջանում ֆիլատելիայի նկատմամբ հետաքրքրության բարձրացումը:

Նամականիշների` որպես պետության խորհրդանիշներից մեկի մասին իրազեկության բարձրացումը կարեւորագույն գործոն է երիտասարդության արժեքային համակարգի ձեւավորման մեջ», - նշել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:

Բացման արարողությանը ներկա կլինեն ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, այլ պաշտոնատար անձինք եւ պատվավոր հյուրեր: