Գերմանիայում հոգեհացի ժամանակ հյուրերին սխալմամբ թմրանյութերով կեքս են մատուցել։ Ինչպես հայտնում է AP-ը, Վիտխագենում հուղարկավորությունից հետո մարդիկ գնացել են ռեստորան՝ սուրճ եւ քաղցրավենիք ճաշակելու, ինչպես ընդունված է Գերմանիայում։ Սակայն այն բանից հետո, երբ նրանք կեքս են կերել, 13 մարդ սրտխառնոց, գլխապտույտ է ունեցել եւ բուժօգնության կարիք է զգացել։
Ոստիկանական հետաքննությունը պարզել է, որ ռեստորանի խմորեղենի համար պատասխանատու աշխատակիցն իր 18-ամյա դստերը խնդրել է կեքս պատրաստել։ Սակայն հետո վերցրել է ոչ այն կեքսերը, որոնք ռեստորանի համար էին նախատեսված, այլ՝ մեկ ուրիշ առիթի։




























