Վենետիկի հանձնաժողովը միշտ քննադատաբար է վերաբերվել դատավորների հարկադիր կենսաթոշակի անցմանը, SHANTNEWS-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն: Նա մատնանշել է Լեհաստանի օրինակը, որտեղ կենսաթոշակի տարիքը նվազեցվել է:  «Հայաստանում այլ իրավիճակ է. առաջարկ է ներկայացվել դատավորներին, որը նրանք կարող են ընդունել կամ ոչ: Մյուս կողմից, մենք միամիտ չենք և գիտենք, որ այստեղ կա ռիսկ, որ դատավորներին կարող են այլ միջոցներով մղել` ընդունելու առաջարկը: Այդ է պատճառը, որ իմանալով հանդերձ, որ վաղ կենսաթոշակի անցումը չի հակասում եվրոպական չափանիշներին, մենք շեշտել ենք, որ այն իսկապես պետք է լինի կամավոր»,-ասել է Բուքիքիոն:

Նա հավելել է, որ Հանձնաժողովը նաեւ մտահոգված է որ եթե չափազանց շատ դատավորներ ընդունեն առաջարկը, ՍԴ աշխատանքը կարող է կաթվածահար լինել, ուստի խնդրել է Հայաստանի իշխանություններին մտածել, թե ինչպես կարելի է խուսափել այս իրավիճակից:

Վենետիկի հանձնաժողովի առաջնային խնդիրն, ըստ Ջ.Բուքիքիոյի, իրավական տեքստերը վերլուծելն է: Ըստ նրա, օրինագիծը չի պարտավորեցնում դատավորներին ընդունել կենսաթոշակի գնալու առաջարկը. իսկ կան դատավորների նկատմամբ ապօրինի ճնշման փաստեր, թե ոչ, Վենետիկի հանձնաժողովը դրանք ստուգելու մանդատ եւ իրավասություն չունի:

Այդուհանդերձ, Բուքիքիոյի խոսքով, Վենետիկի հանձնաժողովի այդ փորձն ունի, որ ոչ բոլոր դեպքերում է թղթի վրա եղած կամավոր սկզբունքը իրականում կամավոր: «Ավելին, մենք գիտենք, որ կարճ ժամանակում Հայաստանում շատ հարվածների տակ է հայտնվել ՍԴ նախագահը, եւ բազմաթիվ ընթացակարգեր են իրականացվում նրա դեմ: Ժամանակային համընկնումն ու դատավարական խիստ միջնորդությունները հանգեցնում են ճնշման նախագահի նկատմամբ, որի հանդեպ պետք է հարգանք դրսեւորել՝ որպես պետության գլխավոր ինստիտուտներից մեկի ղեկավարի: Մյուս կողմից, արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովի պլենար նիստում հստակ նշեց, որ Հայաստանի կառավարությունը ոչ մի ճնշում չի գործադրել դատավորների նկատմամբ եւ չի անի ապագայում: Եվ ես համարում եմ, որ դա ճիշտ մոտեցում է: Ես կշարունակեմ ուշադիր հետեւել իրավիճակին», ասել է ՎՀ նախագահը:

Հարցին, թե ո՞րն է լուծման այն լավ առաջարկը, որով հնարավոր կլինի խուսափել մտահոգություններից, Բուքիքիոն պատասխանել է, որ գնդակը իշխանությունների դաշտում է, եւ ինքը ձեռնպահ կմնա կարծիք հայտնելուց, մինչև չտեսնի՝ ինչ են նրանք առաջարկում:

ՍԴ «անդամ» եւ «դատավոր» տարաձայնությունների վերաբերյալ հարցին, Բուքիքիոն պատասխանել է, որ գործող Սահմանադրությամբ ՍԴ բոլոր դատավորները ունեն միեւնույն լեգիտիմությունը, ուստի կարող են ՍԴ աշխատանքին մասնակցել հավասար իրավունքներով: «Բայց, իրոք, նրանց կարգավիճակը բոլոր ասպեկտներով չէ, որ հավասար է. օրինակ ոմանք նշանակված են ցմահ, մինչդեռ լրամշակված Սահմանադրությամբ նոր ընտրված դատավորները սահմանափակ մանդատ ունեն: Դա է պատճառը, որ կառավարությունը վաղ կենսաթոշակի առաջարկը անում է միայն «հին» դատավորներին: Ինչեւէ, դատարանի «հին» անդամները դեռ դատավորներ են. ահա սա է նշված Միասնական կարծիքի մեջ:  Տարբերություն չկա ՍԴ անդամների և դատավորների միջև: Սա ընդամենը տերմինաբանության հարց է»:

Բուքիքիոն անդրադարձել է նաեւ հարցին, թե ինչու է Վենետիկի հանձնաժողովն անընդունելի համարում, որ ՍԴ կազմը փոխվի ամեն անգամ, երբ փոխվում է կառավարությունը: Նա ընդգծել է, որ ՍԴ դատավորի մանդատը քաղաքական չէ: «Սա նշանակում է՝ դատավորները նշանակվում են՝ պաշտպանելու Սահմանադրությունը և ոչ թե առաջ մղելու ընտրություններում հաղթած կառավարող մեծամասնության քաղաքական ծրագիրը: Դա է պատճառը, որ ՍԴ նորացումը պետք է ապասինքրոնացնել քաղաքական շրջափուլերի հետ:

Նախորդ մեծամասնության կողմից ընտրված դատավորները կարող են նույնիսկ ավելի պատրաստ լինել՝ քննադատաբար դիտարկելու գործող մեծամասնության առաջարկած միջոցների սահմանադրականությունը»,- նշել է ՎՀ նախագահը:

Նա նաեւ ընդգծել է, որ անգամ խորհրդարանական մեծամասնության նշանակած դատավորները այդ նույն մեծամասնությանը «շնորհակալ չլինելու պարտականություն ունեն»: «Պրակտիկայում այս ապասինքրոնացմանը հասնելը դժվար է: Դա է պատճառը, որ մենք այն մոտեցումն ունենք, որ գոյություն ունենան այլ մեխանիզմներ, օրինակ՝ պետք է գործեն որակյալ մեծամասնության պահանջները՝ երաշխավորելու, որ գործող մեծամասնությունը գերիշխող դեր չունենա թեկնածուների ընտրության ու նշանակման հարցում», SHANTNEWS-ին ասել է Ջանի Բուքիքիոն: