Չկոնդիդի թեմի քահանայապետ Պետրեն (Ցաավա) այսօր սկանդալային հայտարարություն է արել. նա ասել է, որ «արվամոլության եւ մանկապղծության մեջ է մեղադրում» Վրաց Ուղղափառ եկեղեցուն, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Քահանայապետ Պետրեն մասնակցել է Սինոդի նիստին՝ պատրիարքության խորհրդին, որը բաղկացած է 48 եկեղեցական հովվապետերից։ Սինոդը գլխավորում է Համայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը։

Քահանայապետ Պետրեն  առաջինն է հեռացել Սինոդի նիստից։ Նա լրագրողներին ասել է, որ վերջապես քննարկվել է նախկին ավագ քահանա Գեորգի Մամալաձեի խնդրանքը, որը մեղադրվել էր պատրիարքի քարտուղար Շորեն Թեթրաշվիլու դեմ մահափորձ կազմակերպելու մեջ։ Մամալաձեի կալանավորումից ավելի քան երկու տարի հետո Սինոդի անդամները որոշել են, որ կմիջնորդեն նախագահի առջեւ՝ նրան ներում շնորհելու հարցով։

Այնուհետեւ քահանայապետ Պետրեն ավելացրել է, որ «Սինոդը աննախադեպ որոշում է ընդունել. պատրիարքն անձամբ՝ որպես Սինոդի նախագահ, ինձ հեռացրել է հովվապետությունից։ Ես կարծում եմ, որ անարդար է»։

Հարցին, թե  ինչու է այդպես եղել, քահանայապետը պատասխանել է այսպես. «Ես կարծում եմ, որ պատճառն այն է, որ ես արվամոլության եւ մանկապղծության մեջ մեղադրել եմ Վրաց եկեղեցուն»։

Լրագրողների բազմաթիվ խնդրանքներին՝ ճգրտել ասվածը, քահանայապետ Պետրեն, մեքենան նստելով, բացականչել է հետեւյալը. «Մեզ մոտ Սինոդի նախագահը արվամոլության եւ մանկապղծության մեղքի մեջ է»։

Այսպիսով, Պետրե Ցաավան, որը Վրաստանում ամենաազդեցիկ հոգեւորականներից է, ներկայում այլեւս Չկոնդիդի քահանայապետ եւ Սինոդի անդամ չէ։

2017 թվականին քահանայապետ Պետրեն Սինոդի որոշմամբ հեռացվել էր պատրիարքարանի «Էրթսուլովնեբա» հեռուստատեսության գլխավոր տնօրենի պաշտոնից, որը նա գլխավորում էր 2008 թվականից։

Այն ժամանակ քահանայապետ Պետրեն հաստատել էր, որ այդ որոշումը կապված է եղել նրա բազմաթիվ հրապարակային ելույթների եւ մեկնաբանությունների հետ՝ «ցիանիդի մասին գործի» առնչությամբ։ Չկոնդիդի քահանայապետը հաճախ ելույթ էր ունենում հեռուստատեսությամբ եւ մամուլով եւ խիստ քննադատում էր Շորեն Թեթրիշվիլուն եւ բարձրաստիճան մի շարք հոգեւորականների՝ նրանց մեղադրելով կոռուպցիայի մեջ։

Հարկ է նշել, որ օրերս դատապարտված հոգեւորական Գեորգի Մամալաձեի եղբայրը՝ Թոռնիկե Մամալաձեն, հաստատել է, որ եղբոր կողմից բանտից պատրիարքին ուղարկված ուղերձում եղել են «արվամոլության մասին» տվյալներ եկեղեցու սպասավորների կողմից։ Ելույթ ունենալով «Շեշտադրումներ» հաղորդման ժամանակ՝ «Մթավարի» հեռուստաալիքի եթերով, Թոռնիկե Մամալաձեն  հրաժարվել է ճշտել, թե ում մասին է խոսքն ուղերձում՝ վկայակոչելով, որ չի ցանկանում այդ տեղեկությունները դարձնել հանրության սեփականությունը, քանի որ դատապարտյալի ընտանիքը դեռեւս Սինոդի միջնորդության հույսն ունի՝ նախկին ավագ քահանային ազատ արձակելու հարցում։