Զիգմունդ Ֆրեյդի վերջերս հայտնաբերված նամակը վաճառքի կդրվի Երուսաղեմում, հայտնում է AP-ը։
1938թ․ հունիսի 21-ին գրված նամակը գերմաներեն է եւ ցույց է տալիս ժամանակակից հոգեվերլուծության հիմնադրի սենտիմենտալ կողմը, որի մասին քիչ է հայտնի։ Այն ուղարկվել է մի քանի շաբաթ անց այն բանից, երբ Ֆրեյդը փախել էր Ավստրիայի նացիստներից եւ տեղափոխվել Լոնդոն։
Նամակն ուղղված է Ֆրեյդի ընկերուհի եւ պացիենտ, բարերար Մարգարետ Ստոնբորո-Վիտհենշտեյնին։ Ֆրեյդը ցավակցություն է հայտնում նրա նախկին ամուսնու ինքնասպանության կապակցությամբ, եւ կարծես կյանքի նշույլ է փնտրում նացիստների իշխանության տակ գտնվող Վիեննայում։
Նամակը, որի մեկնարկային գինը 6000 դոլար է, աճուրդի կդրվի դեկտեմբերի 3-ին։



























