ԱՄՆ-ը մտահոգված է Իրաքի անկարգությունների առիթով եւ երկրի իշխանություններին կոչ է անում ընտրություններ անցկացնել եւ դադարեցնել բռնությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
«ԱՄՆ-ը լրջորեն մտահոգված է շարունակվող բողոքի ակցիաների եւ բռնության, ինչպես նաեւ Իրաքում համացանցի սահմանափակումների եւ քաղաքացիական ակտիվիստների ու ԶԼՄ-ների, ցուցարարների դեմ հարձակումների առիթով: ԱՄՆ-ը միանում է Իրաքում ՄԱԿ-ի առաքելությանն ու կառավարությանը կոչ անում դադարեցնել բռնությունը ու կատարել նախագահ Բարհամ Սալեհի՝ բարեփոխումներ եւ ընտրություններ անցկացնելու խոստումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Իրաքում անցած ամսվա սկզբից չեն դադարում կյանքի պայմանների վատթարացման, գործազրկության աճի եւ կոռուպցիայի դեմ ցույցերը: Գրեթե ամենուր դրանք ուղեկցվում են բռնությամբ եւ անկարգություններով: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականն ու արտահերթ ընտրությունների անցկացումը:
Ցույցերի հետեւանքով 319 մարդ է զոհվել, այդ թվում ցուցարարներ եւ անվտանգության ուժերի աշխատակիցներ: Տուժել է մոտ 15 հազար մարդ:





























