Ավստրալիայում հրդեհումների մեղադրանք է ներկայացվել Նոր Հարավային Ուելս նահանգի Գյուղական հրշեջ ծառայության 19-ամյա կամավորականին, գրում է The Guardian-ը։

Կամավորականը մեղադրվում է Բեգա Վելի շրջանում հրդեհումների յոթ օջախ ստեղծելու մեջ։ Մեղադրանքի համաձայն՝ 19-ամյա կամավորական հրշեջը հրդեհումներ է կազմակերպել երեքշաբթի ցերեկը Բեգա գետի ափին, հետո հեռացել է այդ տարածքից, որպեսզի ավելի ուշ վերադառնա հրշեջների թիմի հետ՝ հրդեհը մարելու համար։

Նա ձերբակալվել է Թարագանդում հերթական հրդեհումից երկու ժամ հետո։

Մեղադրանք է ներկայացվել նաեւ 33-ամյա մի տղամարդու, որի կազմակերպած հրդեհումների պատճառով այրվել է չորս մեքենա։ Նրան ներկայացվել է մեղադրանք գույքի հրդեհման 12 դեպքի առիթով։

Նշվում է, որ ներկայում ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգում կա հրդեհների մոտ 130 օջախ։