«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ետ է վերցնում պատգամավորական մանդատից հրաժարվելու իր դիմումը: Հիշեցնենք, որ իր հրաժարականը նա բացատրել էր անձնական ու ազգային խնդիրների վերաբերյալ իր դիրքորոշմամբ: Հասկանալու համար, թե ինչն է նրան դրդել հետ կանգնել ազգային խնդիրներով պայմանավորված իր հրաժարականից, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Րաֆֆի Հովհաննիսյանի այսօր տարածած հայտարարությունն ամբողջությամբ:
«Համեստորեն ու տեւապես աշխատած լինելով ի շահ Հայոց ցեղասպանության միջազգային վերահաստատման, Արցախյան հանրապետության ճանաչման եւ առանց որեւէ նախապայմանի մեր հարեւանների հետ հարաբերությունների բնականոնացման` սույն տարրական սկզբունքներն անտեսող ներկա վարչակարգի գործողությունների պատճառով ես ինձ դավաճանված զգացի, ուստիեւ որոշեցի, որպես բողոքի արտահայտություն, վայր դնել պատգամավորական իմ մանդատը:
Սակայն այդ պահից ի վեր թե' Հայաստանի իմ համաքաղաքացիները, թե' բովանդակ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները ինձ հորդորել են ստանձնել մարտակոչը եւ` ի հեճուկս ուժերի անհավասարության, օգտագործել Ազգային ժողովի ընձեռած սահմանափակ ասպարեզը` գործելու համար հանուն ճշմարտության ու արդարության:
Հետեւաբար` ի հարգանս զորակցության ու հրատապության այս օրերի ուժգին դրսեւորմանը, ես հետ եմ վերցնում հրաժարականի իմ դիմումը` կենսակոչելու համար օրախնդիր այն հանձնառությունը, որով վերջին երկու տարիների ընթացքում „Ժառանգություն“ խմբակցությունն անշեղորեն ապացուցել է իր հավատարմությունը մարդու իրավունքներին ու հիմնարար ազատություններին, քաղաքական շարունակվող հալածանքների ու բանտարկությունների իսպառ բացառմանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ աշխարհասփյուռ հայության արժանապատվության, ամբողջականության ու անվտանգության հրամայականին»:




























