Ավստրալիայում շոգը ռեկորդներ է սահմանում: Դեկտեմբերի 17-ին երկրում օդի ջերմաստիճանը գերազանցել է ըստ Ցելսիուսի 40 աստիճանը, հաղորդում է Ինտերֆաքս-ը:
Նշվում է, որ նախօրեին գրանցվել է 40,9 աստիճան: Նախորդ ռեկորդը գրանցվել է 2013-ի հունվարին, երբ օդի ջերմաստիճանը հասել է 40,3 աստիճանի:
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հայտարարել է, որ հրշեջները հատուկ ուշադրություն կհատկացնեն Սիդնեյի արեւմտյան եւ հարավ-արեւմտյան շրջաններին, Կենտրոնական եւ Հարավային ափերի շրջաններին: «Ջերմաստիճանի նման բարձացումը նշանակում է շատ անկանխատեսելի հրշեջ իրավիճակ»,- հայտարարել է Բերեջիկլյանը:
Միեւնույն ժամանակ, Independent պարբերականը ուշադրություն է դարձրել Պերթ քաղաքի բնակչի ֆեյսբուքյան գրառմանը, որում նա պատմել է, որ 39 աստիճան ջերմաստիճանի պայմաններում ավտոմեքենայի մեջ թողած կես կիլոգրամանոց խոզի միսը պատրաստվել է 10 ժամում: Տղամարդը ֆիքսել է ավտոմեքենայում ջերմաստիճանը, նրա պնդմամբ՝ այն հասել է 81 աստիճանի: Փորձի հեղինակը նշել է, որ ավտոմեքենայի մեջ տոնավորված ապակիներ են եղել, եւ այլ ավտոմեքենաներում ջերմաստիճանը կարող էր ավելի բարձր լինել: Նա կոչ է արել փրկել երեխաներին եւ կենդանիներին, եթե նրանց միայնակ են թողել ավտոմեքենաներում:
Վերջին ամիսներին Ավստրալիայում հարյուրավոր հրդեհներ են գրանցվել: Այժմ հրդեհների ավելի քան 100 օջախներ են գրանցվել Նոր Հարավային Ուելսում: Ավստրալիայում հրդեհների հետեւանքով զոհվել է առնվազն 6 մարդ, ոչնչացվել է ավելի քան 700 շինություն, այրվել է առնվազն 3 մլն հա հող:





























