The Economist ամսագիրն իր ամենամյա «Տարվա երկիրը» անվանակարգում նշել է Ուզբեկստանը՝ որպես պետություն, որը ամենամեծ բեկումն է մտցրել իրականացված բարեփոխումների շնորհիվ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը սկսել է բարեփոխումներ իրականացնել, որոնք արագացել են անցած տարի։ Նրա կառավարությունը հիմնականում վերջ է դրել հարկադիր աշխատանքին»,- ասվում է հաղորդագրությունում։

Ուզբեկստանի նոր իշխանությունների գլխավոր ձեռքբերումների մեջ պարբերականը նշում է «Ժասլիկ» պատիժների կրման մասնագիտացված գաղութի վերացումը, երկիր օտարերկրյա լրագրողների մուտքի արտոնումը։ Նշվում են նաեւ  կաշառք վերցնելու նպատակով փոքր բիզնեսի հանդեպ ճնշումների կասեցումը, սահմանների բացությունը, ինչը թույլ է տալիս ընտանիքներին, որոնց անդամներն ապրում էին Կենտրոնական Ասիայի տարբեր երկրներում, վերամիավորվել։ Ամսագիրն ընդգծում է նաեւ Ուզբեկստան օտարերկրյա մասնագետներ հրավիրելու փաստը՝ ազգային տնտեսությանն օգնելու նպատակով։

The Economist-ը հայտնում է, որ Ուզբեկստանը դեռեւս երկար ճանապարհ պետք է անցնի, բայց 2019 թվականին ոչ մի ուրիշ երկիր այդքան հեռու չի գնացել: Անցնող տարվա արդյունքներով՝ պարբերականի վարկանիշի մեջ մտած մյուս պետությունների թվում են Նոր Զելանդիան, Հյուսիսային Մակեդոնիան եւ Սուդանը:

Վերլուծաբանների մեծամասնությունը համակարծիք է, որ 2016 թվականին երկրի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի մահից հետո Միրզիյոեւի իշխանության գալով Ուզբեկստանում լուրջ փոփոխություններ են սկսվել: Նախագահը սկսել է մի շարք նախաձեռնությունների իրականացումը՝ ուղղված սոցիալական ոլորտում նախագծերի զարգացմանը եւ երկրի տնտեսության ակտիվացմանը: Այս նպատակով մասնավոր հատվածի աջակցության, ձեռնարկատիրության զարգացման եւ սեփականաշնորհման ակտիվացման միջոցառումներ են ձեռնարկվում: Հատուկ ուշադրություն է դարձվում ինովացիաներին եւ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը: