Հայաստանում «Օրաժ Արմենիա» ընկերությունը ստեղծել է Օրանժ հիմնադրամը, որն իր վրա կվերցնի ընկերության բարեգործական եւ մարդասիրական ծրագրերի իրականացումը։ Այս մասին ապրիլի 12-ին հիմնադրամի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան։ Նրա խոսքով՝ հիմնադրամի ուշադրության կենտրոնում կլինեն առողջությունն ու հաշմանդամությունը, կրթությունը՝ հատկապես գյուղական համայնքների զարգացումը, եւ այլ խնդիրներ, որոնք առկա են Հայաստանում։ Բ. Դյութուայի խոսքով՝ Հայաստանում Orange Հիմնադրամի գործունեության մեկնարկին մայր հիմնադրամը հատկացրել է 100,000 եվրո` ի աջակցություն 2011թ. իրականացվելիք ծրագրերի։ «Ընդհանուր առմամբ հիմադրամի գումարները կգոյանան երեք ուղղություններից «Օրանժ Արմենիայից», Օրանժ մայր հիմնադրամից եւ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում»,-ասաց Բ. Դյութուան։

«Մեր նպատակն է օգնել մարդկանց ապրել ավելի լավ, հատկապես հաղորդակցության խնդիրներ ունեցող մարդկանց, աուտիզմով տառապող երեխաներին»,- ասաց Եվրոպայում, Միջին Արևելքում եւ Ասիայում հիմնադրամի ներկայացուցիչ Մարի Լիզա Դյուրբանը։

Նշենք, որ ամբողջ աշխարհում Խմբի շրջանակներում գործող հիմնադրամների շարքում Orange Արմենիա Հիմնադրամը 11-րդն է: Նման հիմնադրամներ արդեն իսկ գործում են մի շարք երկրներում ինչպիսիք են` Ֆրանսիան, Իսպանիան, Սենեգալը, Մալին, Կոտ դ’Իվուարը, Կամերունը, Լեհաստանը, Սլովակիան, Մոլդովան եւ Դոմինիկյան Հանրապետությունը: