Մեծ Բրիտանիայում Սենթ Էնդրյուս եւ Բրեդֆորդ համալսարանների գիտնականների միջգերատեսչական խումբը վիրտուալ իրականության տեխնոլոգիայի միջոցով պարզել է, որ Հեբրիդյան կղզիներում հնագույն քարե շրջանը կառուցվել է կայծակի հզոր հարվածի տեղում, հայտնում է Phys.org-ը:
Հնագետներին հետազոտական նախագծում օգնել են երկրաֆիզիկոսները: Վիրտուալ իրականության տեխնոլոգիայի միջոցով նրանք մոդելավորել են Հեբրիդյան կղզիներում տեղակայված մեգալիթը: Այն հիշեցնում է հանրահայտ Սթոունհենջը, բայց չափերով զիջում է:
Այս օբյեկտը տեղակայված է Լյուիս կղզում: Այն անվանում են Քալանիշ: Հիմա շրջանից մնացել է միայն մեկ քար: Բայց հետազոտողներն ապացուցել են, որ հնում դա եղել է 13-ից ոչ պակաս մեծ քարերից կազմված շրջան:
Ի դեպ, այն Սթոունհենջից մոտ 5 դարով մեծ է: Գիտնականների գնահատմամբ՝ ստեղծվել է մ.թ.ա. 3000-ից մինչեւ 2600 թվականներն ընկած ժամանակահատվածում: Համընդհանուր ընդունված վարկածի համաձայն՝ համանման կառույցները եղել են յուրատեսակ աստղագիտական օրացույցներ:
Սակայն երկրաֆիզիկոսները նոր հետազոտության ժամանակ հնագետներին օգնել են գտնել այլ պատճառ, որը կարող էր հնագույն մարդկանց դրդել տեղադրել վիթխարի գլաքարեր: Շրջանի կենտրոնում հայտնաբերվել է հզոր մագնիսական անոմալիա:
Գիտնականների կարծիքով՝ սա վկայում է այն մասին, որ հնադարում այս վայրին հարվածել է հզոր կայծակը: Հնարավոր է՝ կայծակները մի քանի անգամ ընկել են գրեթե միեւնույն վայրը: Հնադարում այդպիսի վայրերը սրբազան էին համարվում:
«Կայծակի հարվածի այսպիսի հստակ վկայությունները Մեծ Բրիտանիայում չափազանց հազվադեպ են, ուստի դրանց կապը քարե շրջանի հետ հազիվ թե պատահական լինի,- կարծում է նախագծի ղեկավար Ռիչարդ Բեյթսը: - Մենք չենք կարող ասել՝ արդյոք այս կայծակը հարվածե՞լ է ծառին կամ քարին, որոնք այնտեղ այլեւս չկան: Իսկ գուցե բուն հուշարձա՞նն է կայծակներին ձգել: Սակայն նոր վկայությունը թույլ է տալիս ենթադրել, որ բնության ուժերը կարող էին սերտորեն կապված լինել ամենօրյա կյանքին եւ այս կղզու վաղ ֆերմերային համայնքների հավատալիքներին»:
Ի դեպ, աստղագիտական օբյեկտի վարկածը եւս հաստատվել է: Հետազոտողները վիրտուալ կերպով վերաստեղծել են եւս մեկ շրջան, որը տեղակայված է մերձակայքում եւ ժամանակի ընթացքում զրկվել է իր քարերի մեծամասնությունից:
Սակայն մնացել են դրանց հետքերը, որոնք օգնել են հասկանալ, թե հնադարում այս հուշարձանն ինչ տեսք է ունեցել: Դրա եռաչափ մոդելը ցույց է տվել, որ տվյալ օբյեկտը հնագույն մարդկանց թույլ է տվել հետեւել Արեգակի եւ Լուսնի շարժմանը:





























