Հայաստանը երբեք չի ընդունի Թուրքիայի ոչ մի նախապայման։ Ինչպես տեղեկացնում է AFP-ն, այս մասին հայտարարել է Սլովենիայում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ես կարծում եմ, որ մենք ավելին չպետք է կատարենք, մինչեւ թուրքերն իրենց խորհրդարանում չվավերացնեն այդ արձանագրությունները»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ 2009թ. ստորագրված Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունների վերաբերյալ։
«Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելը մեր ցանկությունն էր, որն առկա է նաեւ այժմ»,- ավելացրել է Հայաստանի նախագահը ապրիլի 13-ին Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հետ համատեղ ասուլիսում։
Սարգսյանն ընդգծել է, որ Երեւանն արձանագրությունների վավերացման գործընթացը խորհրդարանում կասեցրել է «որոշ ժամանակ անց, երբ թուրքական կողմը հրաժարվել է վավերացնել այն իրենց խորհրդարանում»։
Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրություններ են ստորագրել։ Հետագայում դրանք պետք է վավերացվեին խորհրդարանում, սակայն թուրքական ապակառուցողական մոտեցման եւ առաջ քաշված նախապայմանների պատճառով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կասեցրեց արձանագրությունների վավերացման գործընթացը Հայաստանի խորհրդարանում։





























