Շիրակի մարզի Առափի համայնքում ապրիլի 13-ի գիշերը սողանքի հետեւանքով հերթական փլուզումն է գրանցվել: Այս անգամ սարը շարժվել է, կոտրել պատուհանները ու պատուհաններից ներս են լցվել  հողակտորներ: Տուժած բնակարանատերը` 60-ամյա Սլավիկ Պողոսյանը, NEWS am-ի թղթակցի հետ զրույցում արցունքն աչքերին ասել է, որ «հոր սարքած տունը ձեռքից գնում է ու տեր լինող չկա»:

Հիշեցնենք, որ նույն գյուղում փլուզում գրանցվել էր նաեւ 10 օր առաջ: Սողանքի հետեւանքներից  առաջին տուժողները Պողոսյանների ընտանիքն էր, քանի որ նրանց բնակարանն անմիջապես սարի հարեւանությամբ է: Փլուզման հետեւանքով սարն այնքան էր մոտեցել, որ տան պատը փլվել էր: Բնակիչներին առաջարկել էին տեղափոխվել: Արդեն 10 օր Պողոսյաններն ապրում են հարեւանների բնակարաններում:

«Ես ու կինս ապրում ենք հարեւաններից մեկի տանը, տղաս ու հարսս` մեկ այլ հարեւանի տանը, իսկ թոռներս բարեկամների տանն են մնում: Ընտանիքս կիսվել է 3-4 մասի: Սա ի՞նչ պետություն է, որ չի կարողանում մի բնակարանով ապահովել մի ընտանիքի: Ուղարկում են մի բնակարան, որ նորից սողանքի վտանգի տակ է, հարեւանիս տունն է: Ամիսներ առաջ նա թողեց-հեռացավ ` պատճառաբանելով, որ ապրել հնարավոր չէ, վթարային է: Հիմա մատղաշ թոռներով ասում են գնա-ապրի էդ տանը»,-դժգոհել է Սլավիկ Պողոսյանը:

«Մենք տուն չունենք ապրելու, իրենք գումար են հատկացնում` սարն ուսումնասիրելու համար: Արդեն մեկ անգամ ուսումնասիրել են, թող ուսումնասիրեն, ինչքան ուզում են, մինչեւ տները փլվեն, մենք էլ վերանանք»,-իր հերթին նշել է տան հարսը`Արմինե Պողոսյանը:

Նշենք, որ Շիրակի մարզի Առափի համայնքի սողանքային գոտու ուսումնասիրման համար կառավարությունը 10 միլիոն դրամ է հատկացրել եւ պատրաստվում էլ լրացուցիչ միջոցներ հատկացնել, իսկ սողանքը սպառնում է Առափիի բնակֆոնդի կեսից ավելիին: Գյուղապետարանի տվյալներով, այս պահին 10 ընտանիք անհապաղ պետք է տարհանվի: