Պետական եկամուտների կոմիտեն Եվրոպական միության հետ համատեղ հունվարի 20-22-ը ՊԵԿ աշխատակիցների համար նախաձեռնել է աշխատաժողով: «Եվրոպական միության լավագույն փորձը հարկային օրենսդրության պահպանման ռիսկերի բացահայտման, որոշման, գնահատման ընթացակարգերի եւ մեթոդների» թեմայով աշխատաժողովն իրականացվում է ԵՄ տեխնիկական օժանդակության եւ տեղեկատվության փոխանակման գործիքի (TAIEX) շրջանակում եւ նախատեսված է ՊԵԿ ավելի քան 30 աշխատակիցների վերապատրաստման համար: Մասնակցում են նաեւ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ:
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ երեք օրերի ընթացքում ԵՄ փորձագետները ներկայացնելու են ռիսկերի բացահայտման, հարկային օրինապահությանն ուղղված ռիսկերի կառավարման ընթացակարգերի եւ միջազգային համագործակցության միջոցով հարկային օրինապահության մակարդակի բարելավմանն առնչվող լավագույն փորձը:
ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը նշել է, որ հարկերի պարտաճանաչ վճարման մակարդակի բարձրացումը կոմիտեի օրակարգի առաջնահերթություններից է. «Դա հարկային պոտենցիալը բացահայտելու եւ ներքին ռեսուրսներն ու չբացահայտված ներուժը մոբիլիզացնելու լավագույն միջոցն է, որը կարող է նպաստել երկրում արդար, հավասարակշռված հարկային համակարգի ձեւավորմանը: Հետեւաբար, ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգի ներդրումը հիմնարար դեր է խաղում հարկային ծառայության առաքելության իրականացման գործում»: Միքայել Փաշայանը վստահեցրել է, որ ՊԵԿ-ը շարունակելու է էլեկտրոնային ծառայությունների ներդրումը համակարգում եւ կարեւորել է վերլուծական ներուժի ու գործիքների ընդլայման` վերջին տարիների տեմպերը:
Աշխատաժողովի մասնակիցները նաեւ գործնական օրինակներով ծանոթանալու են ռիսկերի արդյունավետ կառավարման վերլուծական գործիքներին, քրեական ոլորտում ռիսկերի կառավարմանը եւ ստուգման ավարտից հետո վերլուծությունների իրականացմանը:




























