Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը։

Նիստին հետազոտվեց գործում առկա իրեղեն ապացույց համարվող Պ 226 մոդելի ատրճանակը։

Հայկ Սարգսյանի պաշտան Երեմ Սարգսյանը իր խոսքում նշեց․ «Չի կարող այս ատրճանակն իրեղեն ապացույց լինել։ Այդ հանգամանքը ցանկացածը կարող է արձանագրել»։

Դատախազ Աբգար Առաքելյանն էլ ասաց, թե ուսումնասիրվում է այն ատրճանակը, որով Հայկ Սարգսյանը մարմնական վնասվածք է հասցրել տուժողին։

Քննչական մարմնի ուղարկած ծրարը բացեց դատախազը, որտեղ ատրճանակն էր, ուսումնասիրեց, այնուհետեւ փոխանցեց դատավոր Աննա Դանիբեկյանին։ Պաշտպանական կողմը հրաժարվեց ատրճանակի ուսումնասիրությունից։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը 2018թ. սեպտեմբերի 10-ին բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից։