ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցկացրել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հարցերով ստեղծված հանձնաժողովի նիստը, բայց նրան քննադատող լիբերալ մամուլը, թվում է, ի բարօրություն ամերիկացիների Սպիտակ տան այս գործունեության մեջ էլ է գտել քննադատելու բան: CNN հեռուստաալիքը դժգոհ է, որ խորհրդակցությունից կատարված լուսանկարներում պատկերված են հիմնականում սպիտակամորթ տղամարդիկ եւ միայն մի քանի կանայք հեռավոր անկյունում: Հեռուստաալիքն արդյունքում Թրամփին քննադատել է տղամարդկանց գերազանցության թողտվության եւ ռասայական հիմքով խտրականության մեջ, փոխանցում է RG-ն: 

Հանձնաժողովի գենդերային եւ ռասայական կազմի վրա ուշադրություն է դարձրել հեռուստաալիքի մշտական հեղինակ, քաղաքական հարցերով մասնագետ, աֆրոամերիկացի Բրենդոն Թենսլին: Համեմատության համար նա Բարաք Օբամայի պաշտոնավարման տարիների լուսանկար է ներկայացրել, որտեղ պատկերված է նրա՝ 2014 թվականին Էբոլա վիրուսին հակազդելու հարցերով ռասայական տեսանկյունից «դիվերսիֆիկացված» շտաբը:

CNN-ի նյութը քննադատության է արժանացել ոչ միայն գործընկերների, մասնավորապես՝ FOX հեռուստաալիքի կողմից, այլեւ բավականին աշխույժ բանավեճ է առաջացրել համացանցում: Օգտատերերից շատերը պնդում են, որ խնդրի հետ մաշկի գույնը ոչ մի կապ չունի. գլխավորն այն է, որ մարդն իր գործի մասնագետը լինի: Հեռուստաալիքին մեղադրում են այն բանում, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը էթիկայի իմաստով ճիշտ չէ օգտագոծել զուտ քաղաքական շահերի, Թրամփի վրա հարձակվելու համար:

Չէ՞ որ եթե խոսելու լինենք կադրային կազմի ռասայական դիվերսիֆիկացիայի մասին, ապա հեռուստաալիքն էլ անբասիր չէ: Այսպես, եթե CNN-ի կայքում տեսնեք «Profiles» բաժնի աշխատակիցների լուսանկարները, ապա դժվար չէ նկատել, որ գերակշիռ մեծամասնությունը սպիտակամորթ տղամարդիկ ու կանայք են: Իսկ եթե խոսելու լինենք ղեկավար կազմի մասին, ապա 15 մարդուց միայն մեկի մաշկի գույնն է մուգ: