Պետական կառույցների աշխատանքի թափանցիկության եւ հաշվետու լինելու հետ կապված մենք ունենք լուրջ խնդիր: Այս մասին այսօր`փետրվարի 3-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը:
«Պետական կառույցների թափանցիկության եւ հաշվետու լինելու հետ կապված մենք ունենք մի բան էլ հետընթաց, էն ոչ բարով նախկին պետական համակարգի ժամանակ էլ, երբ որ դիմում էինք, որոշակի հարցումներ ստանալու համար, ստանում էինք դրանց պատասխանները սահմանված ժամկետներում, միգուցե թերի, բովանդակությունը չբավարարող բայց կար, այսպես ասած, զսպվածություն: Էս իշխանությունը փոխանակ ավելի պատասխանատու մոտենա էս խնդրին, քանի որ իրենք ասում են ժողովրդի իշխանություն, ու հիմա եկել են իշխանության ու մոռանում են, որ հաշվետու են ժողովրդին, որ իրենք հաշվետու են որպես պետական կառույցներ քաղհասարակությանը, մենք էլ հետեւողականորեն պահանջում եւ պայքարում ենք, որպեսզի տեր կանգնենք մեր իրավունքներին: Մեր հարցումների պատասխանները մենք կամ չենք ստանում, կամ ստանում ենք սահմանված հնգօրյա ժամկետից բավականին ուշացումներով, օրինակ՝ Ազգային ժողովը վերջերս ռեկորդ խփեց, իմ դեկտեմբերի 5-ի կամ 6-ի հարցմանը պատասխանեց օրեր առաջ: Սա բացարձակ ռեկորդ է, երբ հնգօրյա ժամկետում պարտավոր էին պատասխանել»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ ստացվում է, որ մի կողմից ունենք իշխանություն, որը, մեղմ ասած, թքած ունի հասարակական կարծիքի վրա եւ համարում է, որ ինքը բարձր տոկոսով ձայներ է հավաքել եւ ինչ ուզելու է, անելու է, իսկ մյուս կողմից էլ կա քաղհասարակություն, որը դա չի հանդուժելու:
«Առաջինը հարցում ենք ուղարկել «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն ՊՈԱԿ-ին, հայտնի ֆեյքերի ֆաբրիկային, որ մեզ տեղեկատվություն տրամադրի ՊՈԱԿ-ի հաստիքացուցակի վերաբերյալ, ովքեր են աշխատում, ինչքան աշխատավարձ են ստանում, ում է տրամադրվել պարգեւավճար եւ այլն: Ցավոք սրտի, չստացա պատասխանը եւ ստիպված էի Ֆեյսբուքում գրառում կատարել եւ զգուշացնել գործադիր ֆեյքապետին, որ եթե չլինի պատասխան, իրավական գործընթաց կսկսվի եւ շըփ-թըփի մեջ պատասխան էին ուղարկել, 2 հարցի էին պատասխանլ, որից մեկը,թե ՊՈԱԿ-ը որտեղ է գտնվում: Ես էլ ունեմ հիմնավոր կասկածներ, որ ֆեյսբուքում էս ատելության քարոզը, էս հայհոյանքները, որ ամենալկտի ձեւով են իրականացվում եւ Մովսիսյան Հովհաննեսի կողմից ուղղորդվող ֆեյքերի գրառումները, ու ես վստահ եմ, որ այս տղան հաջորդ իշխանության ժամանակ պետք է դատվի, նստի, քանի որ էս ամեն ինչը, որ տեղի է ունենում իր մասնակցությամբ, չի կարող անհետեւանք մնալ»,-ասաց Բաբկեն Հարությունյանը:
Նա հավելեց, որ ֆեյքային գրառումները ուղողրդվում են երկրի վարչապետի կողմից:
«Հովհաննեսը ընդամենը գործադիր ֆեյքապետն է, իսկ գլխավոր ֆեյքապետը դա երկրի վարչապետն է: Այո, հենց Նիկոլ Փաշինյանի կողմից անձամբ են էս հայհոյանքի, ատելության գրոհները թելադրվում, չնայած նրան, որ մարդը գիշեր-ցերեկ խոսում է սիրուց եւ հանդուրժողականությունից»,- հավելեց նա:



























