ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հաղթանակ է տարել երեկ Այովայում կայացած հանրապետականների կուսակցական ժողովներում, հաղորդում է Հանրապետական կուսակցության բաժանմունքը Twitter-ի իր էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այովա նահանգում Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ստանալով ձայների մեծամասնությունը, հաղթել է»,- ասվում է տեքստում:
Երկուշաբթի ժողովներ են անցկացրել ինչպես հանրապետականները, այնպես էլ դեմոկրատները: Այդ հանդիպումներում՝ այսպես կոչված կոկուսներում, ընտրում են պատվիրակների, որոնք կուսակցությունների առաջիկա ազգային համագումարներում կպաշտպանեն նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում նախատեսված ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրվելու այս կամ այն հավակնորդին:
Ըստ ձայների հաշվարկի արդյունքների՝ Թրամփին աջակցել է հանրապետականների 97,15%-ը: Հանրապետականների կողմից առաջադրված այլ թեկնածուներն են՝ Իլինոյս նահանգից նախկին կոնգրեսական, ռադիոմեկնաբան Ուիլյամ Ջոզեֆ Ուոլշը եւ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Ուիլյամ Ֆլոյդ Ուելդը, նրանք հավաքել են յուրաքանչյուրը մեկ տոկոսից ավելի ձայն: Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 32 հազար մարդ:
«Այսօր երեկոյան Այովայում մեզ համար մեծ հաղթանակ էր: Շնորհակալություն»,- Twitter-ի իր էջում արդյունքները մեկնաբանել է Թրամփը:
Այովայում Թրամփի հաղթանակը սպասելի էր:
Երկրում կուսակցական ակտիվիստների ժողովներ անցկացնելու ավանդույթն սկիզբ է առել 1972 թվականին, եւ այդ ժամանակվանից ի վեր Այովան սկսել Է քաղաքական ճնշաչափի դեր խաղալ յուրաքանչյուր ընտրական շրջափուլի սկզբում: Փետրվարի 11-ին Նյու Հեմփշիր նահանգում տեղի կունենան երկրում առաջին սկզբնական ընտրությունները ազգային համագումարների պատվիրակներ առաջադրելու նպատակով: Սկզբնական ընտրություններից կուսակցական ակտիվիստների ժողովները տարբերվում են նրանով, որ առաջինները կազմակերպվում են կուսակցությունների տեղական բաժանմունքների կողմից, իսկ երկրորդները՝ նահանգների ընտրական հանձնաժողովների կողմից: Փետրվարի 22-ին ակտիվիստինների ժողովներ կանցկացվեն Նեւադայում, իսկ փետրվարի 29-ին Հարավային Կառոլինայում՝ սկզբնական ընտրություններ: Կարեւորագույն փուլերից մեկը կլինի մարտի 3-ին՝ «սուպերերեքշաբթի». ազգային համագումարների պատվիրակների ընտրություններ կանցկացվեն 17 նահանգներում:
Պատվիրակների առաջադրման գործընթացը կավարտվի Կուլումբիա մայրաքաղաքային օկրուգում հունիսի 16-ին:
Հյուսիսային Կառոլինա նահանգի Շառլոտ քաղաքում օգոստոսի 24-27-ին կայանալիք համագումարում Հանրապետական կուսակցությունից թեկնածուի առաջադրման համար կպահանջվի 2441 մասնակիցներից 1276-ի ձայները:
Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարին, որը կկայանա Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքում հուլիսի 13-16-ին, առաջին փուլում թեկնածուի առաջադրման համար կպահանջվի 3979 պատվիրակներից առնվազն 1990-ի աջակցությունը:





























