Չնայած նրան, որ Հայաստանին եւ Ադրբեջանին անմիջականորեն վերաբերող հարցեր ԵԽ գարնանային նստաշրջանում ներառված չեն, ադրբեջանական պատվիրակությունն իր PR-ի շրջանակներում փորձել է մի քանի թեմաներ «պտտեցնել»։

Ադրբեջանական քարոզչության առարկա են դարձել, մասնավորապես, «հայ դիպուկահարների կողմից ադրբեջանցի երեխայի սպանության», Ստեփանակերտի օդանավակայանի եւ Հայաստանում գտնվելու ժամանակ ադրբեջանցի ռազմագերիների՝ իբրեւ թե կտտանքների ենթարկվելու մասին հարցերը։ Սակայն հայկական պատվիրակությունը արժանի պատասխան է տվել ադրբեջանցի գործընկերների սուտ մեղադրանքներին։ 

«Ադրբեջանցի երեխայի՝ իբրեւ թե սպանության հարցի քննարկման ժամանակ ես հենց ԵԽԽՎ սրահում ցուցադրեցի տեղանքի քարտեզը՝ դրանով ապացուցելով եվրոպացի պատվիրակներին, որ հայ դիպուկահարներն այդ հեռավորությունից չէին կարող կրակել»,- բացատրեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգի մոտ բարձրացրել է նաեւ Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող օդանավերին հարվածելու ադրբեջանական սպառնալիքների հարցը։ «Ես Համերբերգին հարցրեցի, թե իրեն, որպես մարդու իրավունքների հանձնակատար, չե՞ն հուզում Ադրբեջանի նմանօրինակ սպառնալիքները, ինչին նա պատասխանեց, որ հուզում են»,- նշեց Զոհրաբյանը։

Նա նաեւ հայտնեց, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ որպես մշակութային հանդուրժողականության ԵԽ նախարարների հանձնաժողովի նախագահի ելույթի ժամանակ ինքն առաջարկել է Հին Ջուղայի հայկական գերեզմանոցում ստեղծված իրավիճակն ուսումասիրող մոնիտորինգային խումբ ստեղծել։ «Բայց ինչպես պարզվեց, Դավութօղլուն ընդհանրապես տեղյակ չէր հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին, դրա համար ես նրան համապատասխան վավերագրական ֆիլմ եւ գրքեր տվեցի։ Նա խոստացավ ծանոթանալ դրանց հետ»,- հայտնեց Զոհրաբյանը։