ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամն ԱՄՆ-ի վիճակն անվանել է առավել ամուր, քան երբեւէ` մատնանշելով տնտեսության մեջ գրանցված հաջողությունները եւ հայտարարելով, որ երկիրը կրկին հարգված է աշխարհում, փոխանցում է РИА Новости-ն:

«Ես ասում եմ մեր հզոր երկրի բոլոր մարդկանց և Կոնգրեսի անդամներին. այսօր մեր երկրի վիճակն ամուր է, քան երբևէ»,- ասել է Թրամփը երկրում տիրող իրավիճակի մասին Կոնգրեսին ուղղված ամենամյա ուղերձի ընթացքում:

Պետության ղեկավարը հակիրճ նկարագրել է Միացյալ Նահանգների հաջողությունները` առանձնահատուկ շեշտը դնելով տնտեսության վրա: Նրա խոսքով` աշխատատեղերի քանակն ավելանում է, մասնավորապես, երիտասարդների շրջանում զբաղվածության ռեկորդային թվաքանակ է գրանցվել: «Իմ ընտրվելուց ի վեր մենք 6 միլիոն աշխատատեղ ենք ստեղծել, ինչը 5 միլիոնով ավելին է, քան կանխատեսում էին կառավարության փորձագետները նախորդ վարչակազմում»,- շեշտել է նա:

Միևնույն ժամանակ, գործազրկությունը անկում է ապրում, ընդ որում, դրա մակարդակը աֆրոամերիկացիների և վետերանների շրջանում հասնում է պատմության մեջ ամենացածր մակարդակի, իսկ կանանց համար` 70 տարվա ընթացքում ամենացածր մակարդակի: Նախագահը հավելել է, որ ԱՄՆ տնային տնտեսությունների եկամուտները հասել են մինչ այժմ գրանցված ամենաբարձր մակարդակի, և սպառողների վստահությունը «նոր, զարմանալի բարձունքների» է հասել:

Խոսելով արտաքին քաղաքականության մասին` նա կարճ նկարագրել է հաջողությունները. Միացյալ Նահանգներին կրկին հարգում են աշխարհում, իսկ թշնամիները նահանջում են: Նա առանձին-առանձին հիշեցրել է «արդար առևտրային համաձայնագրերի» կնքման մասին, որոնք շահավետ են Միացյալ Նահանգների համար: