Չորեքշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի կառավարությունից պահանջել է մինչեւ փետրվարի վերջ դուրս բերել իր զինվորականներին սիրիական Իդլիբում գտնվող թուրքական դիտորդական կետերից, փոխանցում է ТАСС-ը:
«Հարձակումը մեր զինված ուժերի վրա նոր դարաշրջան է սկսում Սիրիայում: Մենք չենք կարող թույլ տալ, որ սա շարունակվի: Անցած գիշեր [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի հետ զրույցի ընթացքում ես նրան ասացի, որ [Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի] ռեժիմը պետք է դուրս գա Սոչիի հուշագրի սահմաններից՝ Թուրքիայի դիտորդական կետերի սահմաններից,- խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի առաջնորդը, - Եթե ռեժիմը փետրվար ամսվա ընթացքում չհեռացնի իր զորքերը մեր դիտակետերից, ապա Թուրքիան ստիպված կլինի ինքն անել դա»: Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիայի Զինված ուժերը «Իդլիբում ինքնապաշտպանության իրավունք ունեն»:
Ավելի վաղ սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ սիրիական բանակը մեկ օրվա ընթացքում 22 բնակավայր էր ազատագրել Իդլիբ նահանգի Սարակիբի մերձակայքում, որտեղ տեղակայված է «Զեբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչների առաջավոր պահակետը: Կառավարական ուժերի արագ տեղաշարժումը նրանց թույլ տվեց արգելափակել թշնամու մատակարարման գծերը` զինյալներին հանձնվել ստիպելու համար:
Սարակիբը գտնվում է Լաթաքիա-Հալեպ եւ Դամասկոս-Հալեպ մայրուղիների խաչմերուկում: Քաղաքը արևելյան կողմից փակում է անցումը դեպի Իդլիբ նահանգային կենտրոն (Դամասկոսից 320 կմ հեռավորության վրա):
Իդլիբը Սիրիայի միակ նահանգն է, որը 2012 թվականից ապօրինի զինված խմբավորումների ձեռքում է գտնվում: 2017-ին այնտեղ հյուսիսային դեէսկալացիոն գոտի էր ստեղծվել, ուր և տեղփոխվել էին այն զինյալները, որոնք հրաժարվել էին զենքը վայր դնել Արևելյան Ղութայում և Սիրիայի հարավային շրջաններում: Նահանգի տարածքում թուրքական բանակի 12 դիտորդական կետ է գործում:
Էրդողանը հայտարարել է, որ Անկարան առանձնահատուկ կարևորություն է տալիս Մոսկվայի հետ բարեկամությանն ու համագործակցությանը: «Մենք բացարձակապես մտադրություն չունենք հակադրության մեջ մտնել մեր դաշնակիցների հետ: Հատուկ կարևորում ենք Ռուսաստանի հետ մեր բարեկամության և համագործակցության շարունակությունը: Ռուսաստանից մեր միակ ակնկալիքն այն է, որ այն ավելի լավ հասկանա մեր զգայունությունը Սիրիայում: Ես ներկայացրեցի մեր սպասումները Սիրիայի և Լիբիայի վերաբերյալ [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինին [նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում]»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:
Փետրվարի 4-ին Էրդողանը հայտնել էր, որ «այս փուլում Ռուսաստանի հետ կոնֆլիկտի կամ լուրջ հակասության մեջ մտնելու որեւէ անհրաժեշտություն չկա», քանի որ Անկարան և Մոսկվան շատ լուրջ ռազմավարական նախագծեր են իրականացնում, այդ թվում` Թուրքիայում առաջին «Աքկույու» ԱԷԿ-ի շինարարությունը եւ «Թուրքական հոսք» գազատարի նախագիծը»:





























