Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայկական ներկայացուցչության աշխատակիցները օրերս այցելել են Հայաստանում պահվող ադրբեջանցի ռազմագերի Ռոման Հուսեյնովին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը:
Ըստ Աստաբացյանի, ապրիլի 15-ին, իրենք այցելել են ադրբեջանցի ռազմագերուն, նրան հանձնել ընտանիքի կողմից ուղարված նամակները: Կարմիր Խաչի ներկայացուցիչը, վկայակոչելով կազմակերպության կանոնադրությունը, տեղեկություններ չտրամադրեց ոչ Հուսեյնովի առողջական վիճակի, ոչ էլ իրենց խոսակցության բովանդակության մասին:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, մարտի 17-ին հայկական կողմն Ադրբեջանին էր հանձնել մյուս ռազմագերուն` Անվար Հաջիեւին, որի դեմ Ադրբեջանում օրերս հայրենիքի դավաճանության մեղադրանք է առաջադրվել:
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը հայտնել էր, որ Ռոման Հուսեյնովը հրաժարվում է վերադառնալ հայրենիք:
Նշենք, որ ներկայումս Ադրբեջանում են գտնվում 3 հայ ռազմագերիներ` Օհան Հարությունյանը, Գեւորգ Թովմասյանն ու Կարեն Հարությունյանը, եւ 5 քաղաքացիական անձինք` Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները:





























