Ներկայացված օրինագծի համաձայն՝ պետության կարիքների համար գնվող էներգասպառող արտադրանքները պետք է լինեն էներգախնայող: Այս մասին փետրվարի 5-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:
Նրա խոսքով՝ էներգասպառող արտադրանքը, որը գնվում է պետության կարիքների համար, պետք է համապատասխանի էներգաարդյունավետության սահմանված պահանջներին: Փոխնախարարը հավելեց, որ այդ արտադրանքների խմբերի ցանկը եւ էներգետիկ արդյունավետության պարտադիր պահանջները կսահմանի ՀՀ կառավարությունը:
«Նպատակն այն է, որ պետական գնումներով կատարվող էներգասպառող սարքավորումները ունենան որոշակի ստանդարտներ, եւ որ այդ սարքավորումները լինեն անորակ եւ ոչ էներգաարդյունավետ»,- ասաց Վարդանյանը:
Փոխնախարարը նշեց, որ իրենք վարում են էներգաարդյունավետությունը եւ էներգախնայողությունը խթանող քաղաքականություն: Սակայն այսօր, ինչպես նշեց Վարդանյանը, շատ դեպքերում պետության կարիքների համար ձեռք բերվող սարքավորումները՝ լուսային լամպերը եւ այլն, այդպիսի պահանջների չեն բավարարում:
«Հայաստանը ունի նաեւ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված պարտավորություններ՝ ներդնել ստանդարտներ էներգախնայող եւ էներգասպառող սարքավորումների համար ամբողջ երկրում»,- նկատեց փոխնախարարը:
Նշենք, որ օրինագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:




























