Հունվարի 30–ին մեր քաղաքի սուպերմարկետից գնեցի «Զեյթուն» ֆիրմայի էկլեր, որը կերել են նաեւ իմ 2 երեխաները ու արդեն հաջորդ օրը նրանց մոտ նկատվեց փորլուծություն եւ սրտխառնոց։ Հիվանդանոց եկանք ու տեսանք, որ նույն ախտանիշներով էլի մարդիկ կան ու բոլորը կերել էին նույն էկլերներից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանավան քաղաքի բնակիչ Շուշաննա Սալբունցը։

Նրա խոսքով՝ երեխաները դեռ ջերմություն ունեն եւ փորլուծությունը պահպանվում է։

«Այս բաժանմունքում կան 2 տարեկանից սկսած մինչեւ ավելի տարիքով մարդիկ։ Մեզ բացատրեցին, որ այդ միկրոբն առաջացել է ձվի ոչ լիարժեք մշակումից։ Այսինքն ենթադրվում է, որ այդ էկլերի միջի ձուն լավ մշակված չի եղել»։

Քաղաքացու խոսով՝ իր համար կարեւոր է, որ այս թեման բարձրաձայնվի, որպեսզի նման դեպքեր չկրկնվեն. «Մարզի մյուս քաղաքներում էլ նույն ախտանիշներով քաղաքացիներ կան եւ դիմելու իմաստն այն է, որ մյուս քաղաքացիները զերծ մնան նման դեպքերից։ Դպրոցներում եւ մանկապարտեզներում օգտվում են այդ ֆիրմայից եւ եթե այդ հաստատություններում նման բան լիներ, պատկերացրեք մասշտաբներն ինչպիսին կլինեին»։

Շուշաննայի խոսքով՝ բժիշկներն անում են ամեն բան, որպեսզի երեխաները շուտ ապաքինվեն եւ հավանաբար մեկ շաբաթյա բուժումից հետո հիվանդանոցից դուրս գրվեն։