ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանրապետական սենատոր Միթ Ռոմնիի՝ մեղադրանքի հոդվածներից մեկով իմփիչմենթին աջակցող որոշումը երեսպաշտ է անվանել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 52 սենատոր դեմ է քվեարկել Թրամփին լիազորությունների գերազանցման մեջ մեղավոր ճանաչելուն: Մեղքը ճանաչելու եւ նախագահին իշխանությունից հեռացնելու համար պահանջվում է սենատորների 67 ձայնից ոչ պակաս: Հանրապետականներից դեմոկրատների կողմն է անցել միայն Յուտա նահանգից սենատոր Միթ Ռոմնին:

Ռոմնին սենատոր է ընտրվել Յուտայից, 2012 թվականին նա եղել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու:

«Եթե անհաջողության մատնված նախագահի թեկնածուն նույն զայրույթն ու էներգիան նվիրեր անվճռական Բարաք Օբամայի դեմ հաղթանակին, ինչպես երեսպաշտորեն անում է իմ դեմ, ապա կարող էր ընտրություններում հաղթել: Ընթերցեք սղագրությունները»,- գրել է ԱՄՆ նախագահն իր Twitter-յան էջում:

Չորեքշաբթի ԱՄՆ Սենատը Թրամփին արդարացրել էր մեղադրանքի 2 կետերով՝ լիազորությունների գերազանցում եւ Կոնգրեսին խոչընդոտում: Այսպիսով՝ իմփիչմենթի գործընթացն անարդյունք ավարտվեց, Թրամփը մնաց պաշտոնին:

2019 թվականի դեկտեմբերին Ներկայացուցիչների պալատը միայն դեմոկրատ պատգամավորների ձայներով Թրամփին իմփիչմենթ էր հայտարարել: Դեմոկրատները կարծում են, որ Թրամփը ճնշում է գործադրել Ուկրաինայի իշխանությունների վրա՝ փորձելով հասնել իր քաղաքական ընդդիմախոս Ջո Բայդենի եւ նրա ընտանիքի անդամների դեմ քննության, իսկ այնուհետեւ խանգարել է Կոնգրեսի հետաքննությանը: