Նախագիծը հետ է կանչվել զուտ տեխնիկական պատճառներով, եւ սա ոչ մի կապ չունի Եվրամիության եւ ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպման հետ: Այս մասին փետրվարի 6-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Նա հիշեցրեց, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Հովակիմյանը իր՝ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին», «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերը հետ է կանչել տեխնիկական վերջնամշակման համար:
«Այս նախագիծն, ամենայն հավանականությամբ, չի քննարկվի, եւ օրակարգում կմնա միայն Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը»,- նշեց նա:
Իշխող ուժի պատգամավորի գնահատմամբ՝ այս ամբողջ գործընթացում հակասահմանադրական դրսեւորումներ չկան: «Հեղափոխության սկզբից եւեթ նոր իշխանությունները ձգտել են, որ գործեն բացառապես ըստ օրենքի եւ Սահմանադրության ոգու: Սա վերաբերում է այդ թվում նաեւ իշխանության մարմինների ձեւավորմանը»,- հավաստիացրեց պատգամավորը:
Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանի 6-րդ խորհրդարանի լուծարումը տեղի էր ունեցել այն պատճառով, որ Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ վարչապետ չէր ընտրել, եւ բոլոր այս ընթացակարգերը լիովին համահունչ են Սահմանադրության դրույթներին: «Ուստի հարկ չեմ համարում քննարկել այս ընթացակարգի կապը 2018 թվականի հոկտեմբերի 2-ի դեպքերի հետ (Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների կողմից խորհրդարանի շենքի պաշարումը - խմբ.)»,- հավելեց Վլադիմիր Վարդանյանը:
Իշխող «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն, իր հերթին, նշեց, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը պետք է ստանա 88 ձայն, այսինքն` պատգամավորական կորպուսի 2/3-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի` փետրվարի 6-ի արտահերթ նիստն ավարտվեց դեռ չսկսված:
Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ նիստը հետաձգվում է այն պատճառով, որ խորհրդարան ներկայացված երեք օրենսդրական նախաձեռնությունների հեղինակը` իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Հովակիմյանը, հետ է կանչել իր օրինագծերը` «տեխնիկական շտկումների համար»:
Հարկ է նշել, որ ընդդիմության եւ փաստաբանների կողմից հակասահմանադրական կոչված սկանդալային օրինագծերի «տեխնիկական շտկումների» անհրաժեշտություն էր առաջացել, հավանաբար, ԵՄ եւ ԵԱՀԿ երկրների դեսպանների` նախօրեի երեկոյան կայացած անսպասելի հանդիպումից հետո:
Այժմ նոր արտահերթ նիստին, որը սկսվեց ժամը 13:00-ին, խորհրդարանը քննարկում է իշխող ուժի` սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հերթական նախաձեռնությունը:





























