Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․
«ԿԱՐԵՎՈՐ!
Այս պահին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Սահմանադրության փոփոխության նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունելու հարցը, որի ընդունման համար անհրաժեշտ է 88 կողմ ձայն։
Սահմանադրական փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդգրկվելու ընթացակարգային եւ տեխնիկական խախտումները դառնում են երկրորդական հիմնական զեկուցողի հայտարարությունից հետո առ այն, որ փորձելու են տապալել Սահմանադրական փոփոխության նախագծի 1-ին ընթերցմամբ ընդունումը, որպեսզի անցկացվի հանրաքվե:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը հստակ սահմանում է 1-ին ընթերցմանը հաջորդող եւ հանրաքվեին նախորդող ընթացակարգը:
Մասնավորապես՝ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը առաջին ընթերցմամբ չընդուվելու պարագայում հանրաքվեի դնելու ընթացակարգ սահմանված չէ, այլ հանրաքվեի կարող է դրվել բացառապես ներքոհիշյալ ընթացակարգի պահպանմամբ:
Այսպես՝ սահմանվում է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո մինչեւ 2-րդ ընթերցումը քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը, որի ընդունման դեպքում ԱԺ նախագահն այն ուղարկում է ՍԴ:
Այնուհետեւ, եթե ՍԴ-ն Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, նրա որոշումը ստանալուց հետո հարցի քվեարկությունն անցկացվում է Ազգային ժողովի առաջիկա ՀԵՐԹԱԿԱՆ նիստերում եւ ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով:
Եթե 2-ՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ նշված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ՉԻ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ, ապա մինչեւ 20 րոպե տեւողությամբ ելույթով կարող է հանդես գալ հիմնական զեկուցողը՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ:
Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով: Եթե որոշումը չի ընդունվում, ապա նախագիծը շրջանառությունից հանվում է:
Այսպիսով՝ քննարկվող Սահմանադրության փոփոխության նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունելը տապալելուց հետո իշխող խմբակցության կողմից այն հանրաքվեի դնելու մտադրությունը հակասում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին»։





























