Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Սոչի, որտեղ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Բելթան: Հանդիպումը կկայանա փետրվարի 7-ին: Ինչպես հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը, պետությունների ղեկավարները կքննարկեն բելառուսա-ռուսական համագործակցության օրակարգի մի շարք հարցեր:

«Ամենայն հավանականությամբ, փետրվարի 7-ին կհանդիպեմ Պուտինի հետ: Մենք բացահայտ կխոսենք, ճշմարտության պահը եկել է: Մենք նրա հետ կառուցել ենք այդ բարի հարաբերությունները: Մենք հավերժ չենք: Ի՞նչ ենք թողնելու մեզնից հետո, ահա թե որն է հարցը»,- ավելի վաղ հայտնել էր Լուկաշենկոն:

Նա նշել է, որ Բելառուսը ցանկանում է տեսնել ջերմ, բարի եւ բարեկամական հարաբերություններ Ռուսաստանի հետ, սակայն կան որոշ խնդիրներ միջպետական համագործակցությունում, մասնավորապես՝ գազի եւ նավթի մատակարարման հարցը: Բացի այդ, Լուկաշենկոն ուշադրություն է դարձրել բելառուսա-ռուսական առեւտրաշրջանառությունում մեծ դիսբալանսի վրա:

«Մենք այսօր բացասական սալդո ունենք Ռուսաստանի հետ արտաքին առեւտրում՝ 9 մլրդ դոլար: Այսինքն՝ նրանք մեզ 9 մլրդ դոլարով ավելի շատ են վաճառում, քան գնում են: Եվ ո՞վ է ում կերակրում: Մասնագետները դա հասկանում են»,- ասել է նա: Լուկաշենկոն եւս մեկ անգամ կառուցողական համագործակցության կոչ է արել: «Պետք է շտկել հարաբերությունները: Մենք պետք է նոր սերնդին փոխանցենք այն, ինչ մենք արել ենք, ընդ որում, արժանապատիվ կերպով»,- եզրափակել է Բելառուսի նախագահը: