Համոզված եմ՝ իմ ելույթից հետո ասելու եք՝ «Լուսավորը» պաշտպանում է հին ռեժիմին, երբ դուրս կգաք այդ դիսկուրսից եւ երբ կլսե՞ք ձեր ընդդիմախոսների ձայնը, որոնք բացառապես իրավական ճանապարհով հարցի կարգավորման կողմնակից են եւ ձեր աջակիցը, բայց քավ լիցի՝ մի՛ ներքաշեք մեր ժողովրդին ձեր հակաիրավական պրոցեսների մեջ։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստին՝ Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկմանը, ելույթ ունեցավ ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հնարավոր հանրաքվեին։
«Հետեւում էի քննարկմանը եւ հասկացա ինձ համար մի ցավալի հանգամանք, որ մարդ ասելով՝ իմ իշխանական գործընկերները հասկանում են յուրայիններին, այն մարդկանց, որոնք համակարծիք են իրենց հետ։ Երբ տարակարծիք ենք լինում եւ չենք համաձայնվում մեկս մյուսի հետ, այդ տարակարծությունն ու չհամաձայնվելը ձեւակերպվում է որպես պետական շահի դեմ։ Հետեւաբար ինձ համար սկսում է զարմանալի չլինել այս քննարկումը, որտեղ մարդու հիմնարար ազատությունները սահմանող հանրաքվեի առաջարկություն է արվում, որն, ըստ էության, այդ իրավասությունը չունենք, չենք կարող եւ չի կարող անգամ ժողովուրդն այդ իրավասությունները՝ մարդու հիմնարար ազատությունները սահմանափակել, որովհետեւ հանրային իշխանությունը սահմանափակված է դրանցով: Հետեւաբար ինչո՞ւ տանել ժողովրդին այդ ճանապարհով, ինչո՞ւ այդ պատասխանատվությունը բարդել ժողովրդի վրա»,- ասաց Թանդիլյանը։
ԼՀԿ պատգամավորը մատնանշեց Հանրաքվեի մասին օրենքը, եւ ասաց, որ նման կարգավորումները չեն կարող դրվել հանրաքվեի․ «Նույնն է, որ հանրաքվեի դնենք, օրինակ՝ մահապատժի վերաբերյալ մարդկանց կարխիքը։ Սա էլ նմանատիպ կարգավորում է, որ մենք ձեզ հետ միասին որոշենք՝ ժողովուրդը, որը բարձրագույն իշխանության կրողն է, որոշի՝ արդյո՞ք ՀՀ-ում պետք է լինի մահապատիժ, թե՝ ոչ: Ի՞նչ եք կարծում, ինչ արդյունք կունենանք։ Եվ կան դրույթներ, որոնք չեն դրվում հանրաքվեի: Հետեւաբար, մարդու իրավունքները եւ դրանց ոտնահարման այն մոտեցումը, որը սահմանված է այս հանրաքվեի նախագծով նմանատիպ կարգավորում է եւ չի կարող դրվել հանրաքվեի»։
Մանե Թանդիլյանն ասաց, որ այդ այդպիսի քայլը դիտվում է հակաօրինական, եւ պետք է քաղաքացիներին ներքաշել նման պորցեսի մեջ․
«Ես, ցավոք սրտի, ձեւավորեցի մի տեսակետ, որ այսօրվա հանրաքվեի առաջարկով այդ պատասխանատվությունը միտված է օտարելուն, բայց իրականում կան օրինական ճանապարհներ, որոնց ուղիները ցույց են տալիս իմ գործընկերները, բայց դուք դա չեք լսում՝ ասելով որ դրանք ստորակետներ են: Իրականում դրանք հիմնարար սկզբունքներ են, որոնք Հրայր Թովմասյան չէ, ով ուզում է լինի գնալու է գա, բայց արդյո՞ք մենք ձեզ հետ ուզում ենք ստեղծել այնպիսի պետություն, որտեղ հիմնարար սկզբունքներ ենք ոտնահարելու։ Հակաօրինական պրոցեսների մեջ ներգրավել մի ամբողջ ժողովրդի, ընդ որում ժողովուրդ ասելով դուք նկատի ունեք 88 մանդատ շնորհած մարդկանց, դուք չեք կարող եւ այս առումով մեծամասնության իշխանությունը սահմանափակված է փոքրամասնության իրավունքներով։ Սրանք կարեւորագույն սկզբունքներ են, որոնց ոտնահարումն անթույլատրելի է: Համոզված եմ իմ ելույթից հետո ասելու եք՝ «Լուսավորը» պաշտպանում է հին ռեժիմին, երբ դուրս կգաք այդ դիսկուրսից եւ երբ կլսեք՞ ձեր ընդդիմախոսների ձայնը, որոնք բացառապես իրավական ճանապարհով հարցի կարգավորման կողմնակից են եւ ձեր աջակիցը, բայց քավ լիցի՝ մի՛ ներքաշեք մեր ժողովրդին ձեր հակաիրավական պրոցեսների մեջ»։




























