Բոգոտայում մահացել է կոլումբիացի տխրահռչակ թմրաբարոն Պաբլո Էսկոբարի նախկին դահիճ Ջոն Խայրո Վելասկեսը, հայտնում է Associated Press-ը։
Տեղեկացվում է, որ նա մահացել է Քաղցկեղի բուժման ազգային ինստիտուտում՝ այդ ծանր հիվանդության դեմ ոչ երկարատեւ պայքարից հետո։
Վելասկեսը, որ այն ժամանակների քրեական շրջանակներում հայտնի էր որպես Պոպեյ, խոստովանել է հարյուրավոր մարդկանց սպանությունները՝ Էսկոբարի կողմից Կոլումբիան ահաբեկելու տարիներին։
Բացի այդ, նա պատասխանատվություն է կրում 1980-1990թթ․ մոտ 3000 մարդու սպանությունները կազմակերպելու համար։
Վելասկեսը Կոլումբիայի նախագահի թեկնածուներից մեկի դեմ մահափորձի համար 23 տարի անցկացրել է ճաղերի հետեւում, իսկ ազատվելուց հետո սկսել է գրել եւ դարձել է YouTube-ի «աստղ»։
Սակայն ազատության մեջ մարդասպանը երկար չի մնացել։ 2017թ․ իշխանությունները հայտարարել էին պայմանական վաղաժամ ազատման պայմանները խախտելու համար Վելասկեսին ձերբակալելու մտադրության մասին։ Այն ժամանակ նա երեկույթում բռնվել էր ԱՄՆ-ի կողմից հետախուզվող թմրավաճառի հետ։
2018թ․ Վելասկեսին ձերբակալել էին դրամաշորթության համար։





























