Փետրվարի 9-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Արարատի, Գորիսի, Վայքի, Սիսիանի, Կապանի, Մեղրիի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Վարդենիսի, Իջևանի, Նոյեմբերյանի, Արագածի, Ապարանի, Աշոցքի և Թումանյանի տարածաշրջաններում առատ ձյուն է տեղում:
Ուժեղ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Սարավանի լեռնանցքում (Զանգեր կոչվող հատվածում), Ջերմուկի, Վարդենիսի ավտոճանապարհներին և Վարդաղբյուր-Թորոս ճանապարհահատվածը դժվարանցանելի է: Այս մասին տեղեկանում ենք «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից։
«Մեղրու լեռնանցքում և Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է: Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Հարգելի վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հայտարարության մեջ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, Դիլիջանի թունելը՝ բեռնատարների համար փակ է, մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Փակ են նաև Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները, Երևան-Սևան, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Փամբակ, Սիսիան-Վայք ավտոճանապարհները և Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ տանող ճանապարհը դժվարանցանելի են:
Կոտայքի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Քուչակի, Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում, Արթիկ-Ախուրյան ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում բուք է:
Կոտայքի և Սյունիքի մարզերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի և Ճամբարակ քաղաքներում և Սոթք գյուղում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 940 բեռնատար, 60 մարդատար ավտոմեքենա, 1 ավտոբուս և 4 միկրոավտոբուս:




























