ԱՄՆ նախագահի պաշտոնից հեռանալով՝ Բարաք Օբաման իր հետնորդ Դոնալդ Թրամփին «նողկալի ժառանգություն» է թողել: Այս մասին «Ռոսիյսկայա գազետայի» հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նա հիշել է, որ Օբաման, «մեզ մոտ Էդվարդ Սնոուդենի ապաստան ստանալու պատճառով վիրավորվելով», չեղարկեց Մոսկվա այցելությունը գագաթնաժողովին մասնակցելու համար, որի ժամանակ «ստորագրման էր պատրաստվում ռազմավարական կայունության վերաբերյալ անչափ հետաքրքիր փաստաթուղթ»: «Նրա մոտ, այնուամենայնիվ, դրսեւորվեց անձնականը պետականից վեր դասելու ձեւը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: Լավրովի խոսքով՝ 2016 թվականի դեկտեմբերին, նախագահի պաշտոնից հեռանալով՝ Օբաման «շրխկացրեց դուռը», առգրավելով ռուսական դիվանագիտական սեփականությունը, վտարելով դիվանագետներին եւ դրանով Դոնալդ Թրամփին թողնելով ՌԴ-ի հետ հարաբերություններում «նողկալի ժառանգություն»:

2017 թվականի սեպտեմբերի 2-ին ամերիկյան իշխանությունները հակառուսական պատժամիջոցների շրջանակում փակել էին Սան Ֆրանցիսկոյում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը, Վաշինգտոնում առեւտրային ներկայացուցչությունը եւ Նյու Յորքում դրա բաժանմունքը: Առաջին երկու օբյեկտները ՌԴ պետական սեփականություն էին, իսկ երրորդը Մոսկվան վարձակալել էր: Ռուսաստանը դիվանագիտական սեփականության գրավումը գնահատել էր որպես հրապարակային թշնամական գործողություն եւ ԱՄՆ-ին կոչ արել այդ օբյեկտներն անմիջապես վերադարձնել: 2018 թվականի մարտի 26-ին Վաշինգտոնը հայտարարել էր Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը (վարձակալված տարածք), ինչպես նաեւ գլխավոր հյուպատոսի նստավայրերի (ՌԴ դիվանագիտական սեփականություն էին) փակելու մասին:

Լավրովը նշել է, որ երբ անցյալ տարվա դեկտեմբերին Վաշինգտոնում հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ, կողմերը պայմանավորվել էին ռուս-ամերիկյան երկխոսությանը նոր խթան հաղորդել, որ «գոնե որեւիցե առաջընթաց լինի»: «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես ասում է, որ մենք պետք է «լեզու գտնենք»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը: - Մոսկվա եկավ ԱՄՆ նոր դեսպան Ջոն Սալիվանը: Նա հավաստիացնում է, որ կցանկանար կոնկրետ օգնել գոնե որոշ հարցերում առաջ ընթանալու համար, բայց սկզբում, այնուամենայնիվ, անհրաժեշտ է երկրների միջեւ հարաբերությունները ներմալացնել»: Լավրովի խոսքով, սակայն, կոնկրետ քայլերի հեռանկարները «չափազանց մշուշոտ» են: