Սաուդյան Արաբիայի եւ Կատարի միջեւ բանակցություններն ընդհատվել են սկսվելուց քիչ հետո՝ ուժի մեջ թողնելով Դոհայի քաղաքական եւ առեւտրային էմբարգոն, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով վեց աղբյուրների։

Բանակցությունները, որոնք սկսվել են անցյալ տարվա ապրիլին, դարձել են հալոցքի առաջին նշույլները այն հակամարտության մեջ, որի հետեւանքով Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը 2017թ․ խզել էին առեւտրային եւ տրանսպորտային կապերը Կատարի հետ։ Երկրները Կատարին մեղադրել են ահաբեկչությանը սատարելու եւ Իրանի հետ գործարք կնքելու մեջ։ Դոհան հերքում է մեղադրանքները եւ ասում, որ էմբարգոն ուղղված է երկրի ինքնիշխանության խափանմանը։

Բանակցություններում Կատարի առաջնահերթությունը բոյկոտող երկրներ իր քաղաքացիների ազատ տեղաշարժի վերականգնումն է, այդ երկրների օդային տարածքին հասանելիություն ունենալը եւ Կատարի ու Սաուդյան Արաբիայի միջեւ ցամաքային միակ սահմանի բացումը։

Սակայն Էր Ռիադը ուզում էր, որ Կատարը առաջին անգամ իր վարքագծում արմատական փոփոխություններ ցուցաբերի, մանավանդ՝ արտաքին քաղաքականության մեջ։

Արեւմտյան դիվանագետների խոսքերով՝ Էր Ռիադը 2020թ․ «Մեծ քսանյակի» գագաթաժողովի նախաշեմին արտաքին քաղաքական հաղթանակի հույս ուներ այն բանից հետո, երբ նրա վարկանիշը խափանվել էր 2018թ․ հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետեւանքով։

Էր Ռիադը բանակցությունների հույս ուներ, սակայն այժմ ամեն ինչ վերադարձել է «ի շրջանս յուր», նշել է աղբյուրը։

Կատարական աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ բանակցությունները ավարտվել են, քանի որ Կատարին առաջադրված պահանջները անիրականանալի են եղել։