Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սոցիալական ցանցերին «աղբակույտ» է անվանել՝ ահազանգելով այն հանրահայտ ինտերնետ-հարթակների աշխատանքում կառավարության հետագա միջամտությունների մասին, որոնք տեղեկատվության հիմնական միջոց են դարձել Թուրքիայի բնակիչների համար, հայտնում է թուրքական Diken օրաթերթը։

«Սոցիալական ցանցերը վերածվել են աղբակույտի, ԶԼՄ-ների բոլորովին սխալ տեսակի։ Մենք դա թույլ չենք տա»,- հայտարարել է Էրդողանը։

Շատ դիտորդներ կարծում են, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կառավարությունը սիմբիոտիկ հարաբերություններ ունի հիմնական ԶԼՄ-ների հետ, որոնց սեփականատերերի մեծ մասը իրենց գերատեսչությունների դիրքորոշումը հարամարեցնում են կառավարությանը, որպեսզի չտուժեն իրենց առավել լայն գործնական շահերը։

Սակայն սոցցանցերի հետ նախագահի բարդ հարաբերությունները լավ հայտնի են։ Էրդողանի կառավարությունը երկար ժամանակով արգելափակել կամ արգելել էր YouTube, Twitter եւ Wikipedia կայքերը։

2014թ․ կառավարությունը ընդունել էր նոր կանոներ, որոնք թույլ են տալիս առանց դատարանի որոշման արգելափակել կայքերը, իսկ 2018թ․ ընդունվել էր նոր օրենք, որը երկրի հեռարձակման մոնիթորինգի մարմնին ինտերնետ-հեռարձակումները կարգավորելու իրավասություններ է տվել։

Հազարավոր թուրքեր հետաքննության եւ քրեական հետապնդման են ենթարկվել սոցցանցերում իրենց գրառումների համար, որոնք, ըստ իշխանությունների, պարունակել են վիրավորանքներ պետական պաշտոնյաների հանդեպ, քարոզել են ահաբեկչություն եւ տեղեկատվությունը մանիպուլյացիայի են ենթարկել։

Էրդողանն ասել է, թե ինտերնետ-օգտատերերը նմանվում են ստրուկների, որոնք կախված են տեխնոլոգիաներից՝ հավելելով, որ ինտերնետի պատասխանատու օգտագործումը գնալով ավելի կարեւոր է դառնում։ Նա նշել է, թե Թուրքիան նույնպես կարող է կիբեռգրոհների ենթարկվել եւ անհրաժեշտ է անվտանգության ապահովման նոր համակարգեր ստեղծել։