Սուդանում իշխող ինքնավար խորհուրդը հայտարարել է երկրի նախկին նախագահ Օմար ալ Բաշիրին Միջազգային քրեական դատարանին հանձնելու որոշման մասին, որը նրան ռազմական հանցագործությունների, ցեղասպանության եւ մարդկության դեմ հանցանքների մեջ է մեղադրում, հայտնում է BBC-ն։

Խոսքը 2003-2006թթ․ գրոհայինների եւ կառավարական զորքերի միջեւ հակամարտության մասին է, որի ընթացքում, ՄԱԿ-ի գնահատականներով, զոհվել է 200 000-ից 400 000 մարդ, մոտ 2,7 միլիոն մարդ ստիպված են եղել լքել իրենց տները։

Օմար ալ Բաշիրը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները։

Ալ Բաշիրը երկիրը ղեկավարել է 30 տարի, նա տապալվել է անցյալ տարվա ապրիլին՝ զինվորականների կողմից։ Նախագահի հրաժարականի պահանջով զանգվածային ցույցերը Սուդանում շարունակվում էին 2018թ․ դեկտեմբերից։

2019թ․ դեկտեմբերին Խարտումի դատարանը նախկին նախագահին դատապարտել էր երկու տարվա ազատազրկման՝ նրան մեղադրելով կոռուպցիայի, անօրինական նվերներ ստանալու եւ արտասահմանյան արժույթ պահելու մեջ։ Ինչպես հստակեցրել էին Սուդանի իշխանությունները, պատժաժամկետը 76-ամյա Օմար ալ Բաշիրը կանցկացնի ոչ թե բանտում այլ ուղղիչ գաղութում, քանի որ, երկրի օրենքներով, 70 տարեկանից բարձր մարդկանց բանտ չեն ուղարկում։

Ալ Բաշիրին նաեւ առաջադրվել է հակակառավարական ցույցերի մասնակիցների սպանությանը դրդելու եւ մասնակցելու մեղադրանք։

Նախկինում Սուդանի իշխանությունները հրաժարվում էին նրան հանձնել Հաագայում Միջազգային քրեական դատարանին։

Օմար ալ Բաշիրը առաջին նախագահն է, որին ՄՔԴ-ի կողմից մեղադրանքներ են առաջադրվել։ Դա տեղի է ունեցել 2009թ․, երբ ՄՔԴ-ը Դարֆուրի հակամարտության  ժամանակ (առնվազն 300 000 մարդ էր զոհվել) ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցանքների համար նրան ձերբակալելու թույլտվություն էր տվել։

Ալ Բաշիրը իշխանության էր եկել 1989թ․՝ հեղաշրջման արդյունքում՝ տապալելով օրինական ընտրված վարչապետին։ Նա ղեկավարում էր Ազգային փրկության հեղափոխական խորհուրդը եւ երկրում իսլամական օրենսդրություն էր մտցրել։ Այնուհետեւ նրա կառավարման ռեժիմը ձեւակերպվել է որպես նախագահական հանրապետություն, եւ Բաշիրը նախագահի պաշտոնում հինգ ժամկետ է անցկացրել։