«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Վանաձորի ավագանիում աուդիտի անցկացման պատմությունը քաղաքական հետապնդում է համարում։ Այս մասին փետրվարի 11-ին խորհրդարանական ժամի ընթացքում ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը։
Նրա խոսքերով՝ ընկերությունը Հայաստանի մեծությամբ եւ նշանակությամբ երրորդ քաղաքում անցկացրել է աուդիտ, որպեսզի գնահատի ֆինանսատնտեսական գործունեությունը, ու այլ հարցերի թվում, անկետաներ է ուղարկել հասարակական կազմակերպությունների ղեկավարներին՝ պահանջելով տվյալներ ներկայացնել դրանցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների առկայության եւ նրանց հանդեպ եղած բողոքների մասին։
«Դատապարտելով նման կարգի գործողությունները՝ մենք դրանք համարում ենք քաղաքական հետապնդում, որը չի համապատասխանում ժողովրդավարության զարգացման մասին գործող իշխանության հայտարարած կարգախոսներին»,- ընդգծեց պատգամավորը։ Միաժամանակ, նա ընդգծեց, որ դեռեւս պարզ չէ՝ գործել է արդյոք աուդիտորական ընկերությունը իր նախաձեռնությամբ, թե ոչ՝ նկատելով, որ հայտնի չէ նաեւ աղբյուրը, թե որտեղից է եղել այդ հրամանը։ «Սակայն այդ գործողությունները ուղղակիորեն համապատասխանում են խորհրդարանի ամբիոնից արված Հայաստանի վարչապետի հայտարարությանը , որ պետք է կոշտ հակահարված տալ բոլոր այն ուժերին, որոնք դեմ կլինեն բարեփոխումների քաղաքականությանը։ Ցավոք, մենք դառնում ենք այնպիսի գործողությունների ականատես, որոնք երկիրը տանում են դեպի ավտորիտարիզմի եւ անվերահսկելի գործողությունների։
Ակնհայտ է, որ «լուսավորներ» կան ամենուր, այդ թվում եւ նշված հասարակական կազմակերպություններում»,- հայտարարեց Եղիազարյանը։




























