Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, ելույթ ունենալով ՄԱԿ Անվտանգության խորհրդի առջեւ, ցասումով մերժել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պլանը։
Թափահարելով այն քարտեզի պատճենը, որը ներկայացվել է Թրամփի կողմից՝ որպես իր պլանի հիմք, Աբասը ասել է, թե պաղեստինցիների համար ստեղծված պետությունը կտրտած «շվեյցարական պանրի» տեսք ունի։
Աբասը կոչ է արել Թրամփին հրաժարվել այդ պլանից եւ նպաստել բանակցությունների վերսկսմանը՝ ՄԱԿ գոյություն ունեցող բանաձեւերի հիման վրա, որոնց մեջ 1967թ․ սահմաններով երկու պետություն կազմավորելու կոչ կա։ Նա հաստատակամորեն ԱԽ-ին կոչ է արել կարգավորման հասնելու համար միջազգային համաժողով անցկացնել։ «ԱՄՆ-ը չի կարող միակ միջնորդը լինել»,- ասել է նա։
Նրա խոսքերով՝ «իրավիճակը ցանկացած պահի կարող է պայթել»։ «Մեզ հույս է պետք։ Խնդրում եմ՝ մի խլեք այդ հույսը մեզնից»,- ասել է նա։ Աբասն ասել է, որ գործարքը միջազգային գործընկերություն չէ, այլ մի պետության կողմից առաջարկված, մյուս պետության կողմից աջակցություն ստացած առաջարկություն, որը պետք է հարկադրվի պաղեստինցիներին։
«Ես կուզեի պարոն Դոնալդ Թրամփին ասել, որ իր պլանը չի կարող խաղաղություն ու անվտանգություն ապահովել, քանի որ այն խափանում է միջազգային օրինականությունը։ Նա զրկում է պաղեստինցիներին բոլոր իրավունքներից։ Եթե դուք հարկադրում եք խաղաղությունը, այն երկար չի տեւի, այն չի կարող երկար տեւել»,- ասել է նա՝ հարցնելով․ «Ի՞նչն է ձեզ իրավունք տալիս անեքսիայի ենթարկել այդ հողերը»։
Աբասը նշել է, որ Իսրայելի հետ խաղաղությունը դեռեւս «հասանելի է»։ «Ես եկել եմ , որպեսզի արդար համագործակցություն կառուցենք»,- նշել է նա։
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը Աբասին մեղադրել է նրանում, որ նա անիրատես է։ «Նախագահ Աբասը հրաժարվեց պրագմատիկ լինելուց։ Նա հրաժարվում է բանակցություններ վարել։ Նա շահագրգռված չէ հակամարտության իրատեսական լուծումներ գտնելու մեջ»,- հայտարարել է Դանոնը։




























