Անկեղծ ասած, զարմանում եմ, երբ ասում են, որ սա լավ օրենսդրական նախաձեռնություն է, քանի որ այն շատ վատ օրինագիծ է` շատ վատ հետեւանքներով, շատ վատ փաթեթավորմամբ եւ շատ վատ տրամաբանությամբ: Այս մասին փետրվարի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
Ընդ որում, նա նշեց, որ «այս օրինագծի փիլիսոփայության տրամաբանությունը սխալ ուղղությամբ է ընթանում»: «Ի՞նչ է, այստեղ կա՞ մեկը, ով կարծում է, որ կոռուպցիոն ռիսկերը չպետք է սահմանափակվեն: Կա՞ մեկը, ով կարծում է, որ ավագանու խորհուրդը չպետք է մասնակցի այս գործընթացին: Ո'չ, հաստատ ո'չ: Տրամաբանությունն ու փիլիսոփայությունը սխալ ուղղությամբ են ընթանում: Այս օրինագծով մենք իրավունք չունենք սահմանափակել այս կամ այն համայնքի համար նվիրատվություն կատարող մարդու անանունությունը: Մենք այլ բան պետք է կանխենք` որպեսզի այդ նվիրատվությունները չօգտագործվեն այլ նպատակներով»,- ասաց Հակոբյանը:
Նշենք, որ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը, մասնավորապես, առաջարկում է ընդլայնել հանրապետության տարբեր համայնքների ավագանիների լիազորությունները: Այս օրինագծով առաջարկվում է ավագանու խորհուրդներին լիազորել իրենց որոշմամբ հաստատել նվիրատվությունները, բայց միայն այն դեպքում, եթե նվիրատուն համայնքն է, եւ նվիրատվության չափը գերազանցում է հանրապետությունում նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկը, ինչից հետո միայն նվիրատվության պայմանագիրը կարելի է համարել կնքված, սիկ նվերը` ընդունված:



























