Ես կարծում եմ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշտապես գործել է պրոֆեսիոնալ, և այն քննադատությունները, որոնք հնչել են 2013, 2017 թվականներին, եղել են անհիմն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ստացվում, որ ընդդիմադիր եղած ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատում էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, սակայն այժմ շարունակում են աշխատել նրա հետ։
«Դրանք եղել են քաղաքական հնարքներ, ինչպես եղել են բազմաթիվ այլ քննադատություններ՝ տարբեր ուղղություններով, ամենապրիվիտիվը տեսախցիկների և կարմիր գծերի մասին և այլն, բայց իշխանության գալով և այն ժամանակ էլ գիտակցել են, որ իրենք քննադատությունը անհիմն է, բայց օգտագործել են հանրային հույզերը, խաղացել են հանրային տրամադրությունների վրա։ Կարծում եմ՝ այն ժամանակ էլ է ԿԸՀ-ն գործել պրոֆեսիոնալ, հիմա էլ շարունակելու է նույն կերպ։ Միակ խնդիրն այն է, որ այս հակասահմանադրական իրավիճակում շատ դժվար է լինելու գործել պրոֆեսիոնալ՝ չխախտելով որևէ օրենք»,-ասաց նա։



























