Ադրբեջանի ԿԸՀ-ի դիմաց գիշերը բողոքի ցույցի ցրման ընթացքում ոստիկանության հատուկ նշանակության ուժերը կոպիտ վերաբերմունք են ցուցաբերել ոչ միայն պատգամավորների թեկնածուների, այլեւ` լրագրողների մեծ խմբի նկատմամբ: Այս մասին հայտնում է Contact.az-ը:
Ըստ աղբյուրի` ոստիկանները կին լրագրողներին շպրտել են ավտոբուսների մեջ, որոնցից մի քանիսը վնասվածքներ են ստացել, ինչպես Այնուր Էլգյուշենը, ում գլուխը ոստիկանները ջարդել էին: Ձերբակալվել են նաև ֆրիլանսեր Այթաչ Թափթիգը, Սեւինջ Րագիֆգիզին` Meydan TV-ից (ձեռքի լուրջ վնասվածք եւ կապտուկներ դեմքին), Ուլվիա Գուլիևեւան և Այգուն Ռաշիդովան` «Ամերիկայի ձայնից»:
Բոլոր ձերբակալվածները ենթարկվել են հարկադիր կալանքի եւ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Նրանցից խլել են տեսախցիկները` թույլ չտալով նկարահանել:
Ձերբակալվածների թվում է Basta.info կայքի խմբագիր Մուսթաֆա Հաջիբեյլին, որին առանձին ավտոմեքենա են նստեցրել եւ դաժան ծեծի են ենթարկել:
Բոլոր ձերբակալվածներին մոտ երկու ժամ պահել են ավտոմեքենաներում եւ միայն կեսգիշերին բաց են թողել «20-րդ տեղամասում»` մայրուղուց հեռու: Երեք լրագրող կանանց, այդ թվում` Խադիջա Իսմայիլովային, ձերբակալել եւ գցել են գետնին այն պահին, երբ նրանք եկել են իրենց ձերբակալված գործընկերների ավտոբուսի հետեւից:
Նշենք, որ ԿԸՀ շենքի դիմաց բռնության է ենթարկվել եւս մի քանի լրագրող, որոնց, այնուամենայնիվ, հաջողվել էր դուրս պրծնել եւ փախչել ակցիայի ցրման պահին:





























