ՃԵԿ խախտումների վիճակագրության ուսումնասիրությունից հետո տուգանքների բալային համակարգում հնարավոր են որոշ փոփոխություններ, սակայն դրանք պետք է շատ հիմնավորված լինեն։ Այս մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտեմ Ծառուկյանի հարցին։
Ընդ որում, նա չբացառեց, որ համակարգը գուցե իդեալական չէ, սակայն այն, փոխվարչապետի կարծիքով, միանշանակ դրական ազդեցություն կունենա երթեւեկության կանոնների պահպանման վրա։
Հիշեցնենք, որ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար վերջերս Հայաստանում մտցված տուգանքների բալային համակարգը բավական ոչ միանշանակ արձագանքի է ստացել վարորդների կողմից։





























