Հայաստանի ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալից օգտվում են ոչ մեծ թվով ոստիկաններ, քանի որ այս հոսպիտալը գտնվում է Երեւանում, իսկ ոստիկաններ մեզ մոտ ապրում են ամբողջ երկրում։ Այս մասին փետրվարի 12-ին ԱԺ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով հոսպիտալի փակման հարցը։
Նա նշեց, որ, չնայած դրան, հոսպիտալի սպասարկման համար պահանջվում է բավական մեծ գումար՝ 800 մլն դրամ։ «Ավելին, ոստիկանության աշխատակիցների մեծ մասը, որոնք ապրում են Երեւանում, միեւնույն է, բժշկական օգնություն ստանում են ոչ թե այդ հոսպիտալում, այլ ուրիշ բժշկական հաստատություններում։ Բանն այն է, որ այդ հոսպիտալը հագեցած չէ անհրաժեշտ բժշկական սարքավորումներով։
Եւ քանի որ ոստիկանության աշխատակիցները այսպես թե այնպես գործնականում բժշկական օգնություն չեն ստանում տվյալ հոսպիտալում, մենք որոշել ենք հոսպիտալի սպասարկման գումարը ավելացնել պետպատվերի գումարին, որպեսզի կառույցի աշխատակիցները կարողանան որակյալ բուժօգնություն ստանալ»,- ընդգծեց Փաշինյանը։ Ինչ վերաբերում է նրան, թե որքանով է հոսպիտալը օգտակար լինում ռազմական գործողությունների ժամանակ, ապա վարչապետը հայտարարեց, որ, իր կարծիքով, 2016թ․ ապրիլյան պատերազմի ժամանակ այս հոսպիտալը որեւէ օգուտ չի տվել։





























