ВВС-ին տված հարցազրույցի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, ըստ որի 1997 թվականին հնարավոր էր լուծել Ղարաբաղի հարցը` զիջելով որոշ տարածքներ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ, այնուհետեւ վերջնական կարգավիճակի դիմաց, վկայում է Հայաստանի առաջին նախագահի պարտվողական տրամադրվածության մասին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

Նրա խոսքով, խնդրի լուծումը տարածքները զիջելու հաշվին ամենահեշտն է եւ դրան հնարավոր է հասնել ցանկացած պահի:  «Հենց այդպիսի տրամաբանությամբ են առաջնորդվել Հայաստանի շատ ղեկավարներ, ինչի արդյունքում մեր երկրի տարածքը կրճատվել հասել է 29 հազար  քմ-ի»,-  նշեց Զոհրաբյանը: Նա նաեւ ընդգծեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն արդարացված էր, քանի որ նրա եւ Լեռնային Ղարաբաղի իշխանություների միջեւ կային մեծ տարաձայնություններ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ մոտեցումներում: 

«Մինչդեռ, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայիս իշխանությունների միջեւ այդ հարցում լիարժեք փոխըմբռնում է:  Երեւանի համար ընդունելի կլինի Ղարաբաղյան հարցի այն լուծումը, որն ընդունելի կլինի Ստեփանակերտի համար»,-  պարզաբանեց նա:

Զոհրաբյանի խոսքով, տարօրինակ է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, որի համաձայն, նա Հայաստանի անկախության  հարցը լուծել է Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի մի զանգով:  «Հարցի այդպիսի ձեւակերպումը կոռեկտ չէ, քանի որ հայ ժողովուրդը նվաճել է իր անկախությունը բազմամյա պայքարով»,- ասաց  Զոհրաբյանը:

Նշենք, որ ВВС-ին տված հարցազրույցի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ  1997 թվականին հնարավոր էր լուծել Ղարաբաղի հարցը` զիջելով որոշ տարածքներ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ, այնուհետեւ վերջնական կարգավիճակի դիմաց, սակայն Ստեփանակերտի իշխանությունները եւ իր անմիջական շրջապատը դեմ են արտահայտվել դրան, քանի որ համարել են, որ բանակցությունների միջոցով հնարավոր է հասնել ավելիին: