Տարածքային զիջումները ղարաբաղյան խնդրի լուծման բանալին չեն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, մեկնաբանելով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի BBC-ին տված հարցազրույցը, որտեղ նա հայտարարել էր, որ 1997-ին հնարավոր էր կարգավորել ԼՂ խնդիրը, որոշ տարածքներ զիջելու դիմաց ստանալով մմիջանկյալ կարգավիճակ, այնուհետեւ կորոշվեր ԼՂ վերջնական կարգավիճակը:
«Ղարաբաղյան հարցում հայկական կողմից տարածքային զիջումները միայն կհանգեցնեին նրան, որ Ռուսաստանը դուրս կմղվեր բանակցային գործընթացից եւ կփոխվել աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում: Դա բոլորովին չէր բխի շրջափակման մեջ գտնվող եւ դեպի ծով ելք չունեցող Հայաստանի շահերից»,- ասաց Մելիքյանը, չհամաձայնելով Տեր-Պետրոսյանի այն պնդման հետ, որ 97-ին խնդրի կարգավորումն ավելի մոտ էր, քան` հիմա:
Նա նաեւ ընդգծեց, որ դեռեւս Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներից բանակցային գործընթացում հայկական կողմը սխալ է գործել: «Հայկական կողմը բանակցությունների ժամանակ ուշադրությունը չի սեւեռել փախստականների խնդրի վրա, որը մինչ օրս բացասական դեր է խաղում բանակցություններում: Պետք էր մտածել հենց այդ խնդրի լուծման մասին, այլ ոչ թե ինչպես հողերը հանձնել Ադրբեջանին»,- ամփոփեց Մելիքյանը:
Նշենք, որ ВВС-ին տված հարցազրույցի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ 1997 թվականին հնարավոր էր լուծել Ղարաբաղի հարցը` զիջելով որոշ տարածքներ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ, այնուհետեւ վերջնական կարգավիճակի դիմաց, սակայն Ստեփանակերտի իշխանությունները եւ իր անմիջական շրջապատը դեմ են արտահայտվել դրան, քանի որ համարել են, որ բանակցությունների միջոցով հնարավոր է հասնել ավելիին:




























